Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղբայր Բարոյական, ես որ շուն մեմ. կրնա՞մ մուկի ակռաներով ծամել և խածնել, բնությունն ամեն բան չափով, կշռով կարգադրած է և խենդություն չէ ուրիշին ակռաներով տանջվիլ։ Այս շինծու ակռա գործածելու սովորութենեն մուտ գտած է մեր մեջ շինծու լեզու գործածելու վնասակար սովորութիւնը։ Օրինակի համար, տասներկու տարվան կենդանի մը, որ հազիվ հոլովներն սորված է՝ կսկսի ութսուն տարեկան Վիքթոր Հյուկոյի լեզուն գործածել։ Այդ լեզուն շատ մեծ է այդ բերնին մեջ դառնալու համար, որո՞ւ պիտի հասկցնես, մեծ երևալու փափագն չէ՞, որ զմեզ կը խայտառակե միշտ։ Այս շինծու ակռաներու վատ սովորութենե մուտ գտած են նաև խել մը վնասակար սովորություններ, որոնց թվումն խիստ երկար կըլլա:

Բարոյական — Բայց ի՞նչ ընեն անոնք՝ որոնք երեք չորս ակռա միայն ունին և կերակուր ուտել կուզեն:

Ծիծաղ — Թող ուրիշ մը ծամե և անոնց բերանը դնե։

Բարոյական — Եթե գեշ հոտի անոնց բերանը:

Ծիծաղ — Բավական է, որ շողոքորթություն, կեղծավորություն չհոտի, ասկից զատ հոտի համար կարծեմ ուրիշ դեղ կրնա գտնվիլ։

Բարոյական — Իրավունք ունիս, անոնք որ բնականին չեն հետևիր՝ անպատճառ պիտի պատժվին։


ԿԻՆԵՐՈՒ ՀԱՏՈԻԿ ՍԵՆՅԱԿԸ

Ծիծաղ — Կենդանիներու շոգենավին սենյակներեն միույն վրա հետևյալ ծանուցումն կարդացի.

«Այս սենյակը կիներուն համար պահված է, այրերուն արգիլված է հոս մտնել»։

Պատուհանեն ներս նայեցա և տեսա, որ քանի մը այրեր նստած են սենյակին մեջ։ Պատճառն հարցուցի և տեղեկացա, թե արական սեռի հագուստներով տեսածներս գեղեցիկ սեռին կը վերաբերին եղեր։

Բարոյական — Իգական սեռի կերպարանքով քի՞չ արական սեռ կա։