Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց դիպվածով հարստանալու կամ դրամով համբավ դնելու։

Համբավ — Բայց անո՞ր է մնացեր աշխարհիս գործերը շտկել։ Եղբայր, ես մինչև հիմա բազում ստակ կը վաստկեի, եթե թողուր զիս գործել ուզածիս պես, ամեն քայլափոխիս խոչընդոտ կը հարուցանե, թույլ չտար, որ անոր ասոր երթալով ստակ փրցունեմ։

Բախտ — Ինձի ալ թող չտար, մինչդեռ իմ մյուս ընկերներս շատ դրամ կը վասակին։

Համբավ — Ես ալ համբավներ կը ճանչնամ, որ այսօր երջանիկ կյանք կանցունեն և ոչ թե ինձի պես այսպես խեղճ կապրին։

Բախտ — Ուրեմն երկուքնիս մեկ ըլլանք և բողոքենք Ծիծաղին այս ընթացքին դեմ։

Համբավ — Անօգուտ բան է, օր մը կանուխ կելնենք և կը փախչինք, ուրիշներուն քով շատ պատիվ կը վայելենք։

Բախտ — Այո՛, այո՛, վաղը առտու փախչինք։

Համբավ — Վաղը առտու։

Բախտ — Ես տգետի մը քով երթալու միտք ունիմ։

Համբավ — Ես ալ միամիտի մը քով կրնամ հանգիստ ապրիլ։

Բախտ — Մնաք բարով։

Համբավ — Ի տեսություն։

Բարոյական — Բախտով բարձրացողներն դիպվածով կիյնան. կաշառված համբավ պահելն շատ դժվար է, որովհետև ուրիշե մալ կրնա կաշառվիլ և խույս տալ։


ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Կը զարմանամ թե կիներն ինչպես կրնան քառորդի մը մեջ իրենց բոլոր մեղքերն պատմել խոստովանահայր քահանային։

Աղջիկներն սեխ կը նմանին, որքան ծանր ըլլան՝ այնքան անուշ կըլլան, այնքան շուտ և սուղ կը վաճառվին։