Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Խոսքը ձերն է։

Մահ — Դուք որ ձեր անձն իբրև ճշմարտախոս և զրկյալին իբրև պաշտպան հռչակել կուզեք, ինչո՞ւ լուռ կը մնաք վրաս հարձակողներուն և զիս վատահամբավել ուզողներուն դեմ, ինչո՞ւ իմ իրավունքս չեք պաշտպաներ և իմ անմեղությունս երևան չեք բերեր, արդյոք ձեզի բաժանորդ չլինելուս համար է, որ այս դատապարտելի ընթացքը բռնած եք ինձ նկատմամբ... ի՞նչ է իմ քաշածս մարդերու ձեռքեն։

Ծիծաղ — Կը խնդրեմ, որ ձեր խոսքերն նախ ձեր ուղեղին հանդիպին և հետո ձեր բերնեն ելնեն։ Արդեն ես բաժանորդ չեմ ընդունիր, և եթե բաժանորդներ ունենայի իսկ բնավ չպիտի վարանեի անոնց դեմ գրել, երբ անոնց անվայել մեկ գործն տեսնեի. այս մասին ժամանակավ այնքան փորձեր տված եմ, որ բաժանորդներուս թիվն մինչև 1½-ի իջած է։

Մահ — Ինչո՞ւ ուրեմն զիս չեք պաշտպաներ։

Ծիծաղ — Որովհետև ես բժիշկ չեմ և իմ գիտցածս բժիշկներն են, կարծեմ, մահու փաստաբաններն։

Մահ — Գիտեմ որ բժիշկներն զիս կը պաշտպանեն և այս մասին իմ ամենախոնարհագույն շնորհակալություններս կը հայտնեմ իրենց, որ ազնիվ զգացումներն առաջնորդված, կը հաճին միշտ, երբ մեկն մեռնի, հանցանքն կամ թոքին վրա ձգել կամ լյարդի վրա կամ աղյաց կամ արյան կամ ուղեղի կամ ջիղերու վրա, շատ անգամ բնությունն պատասխանատու կը բռնեն, երբեմն աղյաց կամ ուղեղի մեջ բորբոքում կստեղծեն, մերթ ջիղերու տկարությունը կը հարվածեն, մերթ ջիղերու հզորությունն կը դատապարտեն, մերթ արյան նվազությունն պատժապարտ կը դատեն, մերթ արյան առատությունն մեղավոր կը վճռեն, վերջապես իրենց բոլոր ճիգն կը թափեն զիրենք և զիս անմեղ հռչակելու համար, այսուամենայնիվ գրեթե բոլոր գրիչներն վրաս կը հարձակին՝ անգութ, անագորույն, անողոքելի կոչելով զիս։ Մյուս կողմեն գրեթե բոլոր տպագրիչներն կարծես իրարու հետ կը մրցին զիս հուղարկավորության ծանուցումներու մեջ աշխարհիս ամենեն ավելի վայրենի գազաններեն մին ներկայացնելու համար, որպես թե մեկն ծաղիկ հասակին մեջ թոռմեցուցեր եմ, թե վարդի փթթած կոկոն փրցուցեր եմ, թե բուրաստանեն անուշաբույր