Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծաղիկն խլեր եմ, կորզեր եմ, հափշտակեր եմ, թե Պարկաները ղրկած եմ, որ այսինչին կենար թելը կտրեն մկրատով, ո՜վ հիմարություն, թե այնինչին արևն մարեր եմ, թե ասոր կենաց կանթեղին յուղն գողցեր եմ,— որպես թե լուսարար ըլլայի,— թե թույլ չեմ տվեր մեկուն յուր երկոտասաներորդ գարունը տեսնել, թե զրկեր եմ ուրիշ մը յուր հարյուր հիսուներորդ ձմեռն վայելելե,— ո՞վ շաղակրատություն, թե վերջապես, ինչ գիտնամ, գործեր եմ անանկ գազանություններ, որոնց բոլորովին անտեղյակ եմ ես։ Ձեզ կը հարցնեմ ուրեմն, տասնևիններորդ դարուս մեջ, ուր գիտությունն այնքան զարգացած ցույց կուտա մեզ արդյանց պատճառներն, որ խավարի մեջ էին երբեմն, վայե՞լ է, որ ինձի պես անմեղ մը հանիրավի հալածվի:

Ծիծաղ — Ով մահ, թեթևությունդ անբերելի, սովորություն եղած է ողբալ մեռնողն, ցավ զգալ և արտասվել մահվան վրա, և այս սովորության համաձայն յուրաքանչյուր ոք անպատում ցավ կ՝զգա, քանի մը անգամ կը մեռնի և կը վերակենցաղի, երբ անշնչանալն տեսնե այն անձին, զոր յուր կյանքեն ավելի կը սիրե. եթե սովորություն լիներ մահվան վրա երգել, պարել, գինի խմել, այն ատեն մահվան տեղ դու պիտի անիծվեիր, ով կյանք, ով ծանրությունդ դյուրատար...

Մահ — Այդ անագորույն կյանքն, այդ անպիտան կյանքն, որ միակ պատճառն Է մահվան՝ ամենեն կը սիրվի, կը շոյվի, կը գգվի և կ՝օրհնվի. երբ էակ մը գա աշխարհ՝ անոր հայրն ու մայրն ուրախութենե ինչ ընել չեն գիտեր, իսկ երբ մեկն անդիի աշխարհ երթա՝ լաց ու կոծեն կը խենթանան անոր ծնողքը։ Ես ի՞նչ հանցանք ունիմ. այն՝ որ ծնած Է, պիտի մեռնի, լսվա՞ծ է, որ չծնած մեկը մեռած ըլլա, վերցուր ուրեմն կյանքն, կը վերանա նախ մահն։

Ծիծաղ — Տրամաբանությունը չհակառակիր ձեր ըսածին։

Մահ — Ինձի ամենեն ավելի ցավ պատճառողն սա է, թե ինձի դեմ հարձակումներն տեղի կունենան միշտ այն զգայուն սրտերե, որոնց թելերն կը փափուկնան, կը նրբանան և կանոսրանան, երբ մեռնողն քիչ մը հարուստ է, իսկ կը քարանան, կապառաժին, երբ մեռնի աղքատ մը, որ ցրտաշունչ եղանակի մը մեջ չորս կողմեն հով առնող խրճիթի մեջ գետնի