Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ՄԱՄԼՈԻՅՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԱՐԾԻՔՆ

Առյուծն զզված յուր ժողովրդյան աղքատութենեն՝ հրաժեշտ տվավ նախագահական աթոռույն։ Արժանապատիվ ճանճն, գերապատիվ ճպուռն և տիկին մրջյունն հետամուտը առյուծանիստ թիկնաթոռին, սկսան իրարու հետ ատելությամբ վարվիլ — շահու խնդիր է, ո՛վ կարող է դատապարտել զանոնք։


Խմբագիրներեն մեծապատիվ աղվեսն հասարակաց կարծյաց թարգման հանդիսանալով՝ կր պնդեր, թե առյուծին արժանավոր և միակ հաջորդն էր ագռավն, և, գովելով յուր ընտրելվույն բարեմասնություններն, որոնց թվումն չէր կրնար լմնցնել, կը հավելուր, թե գերապատիվ ագռավն՝ փորձառությամբն[1], պերճախոսությամբն, լեզվագիտությամբն[2], և կատակերգությամբն, դիվանագիտական հմտությամբն[3] և այլն, ամեն իրավունք ուներ նախագահական մաքուր աթոռին վրա... նստելու։ Մյուս կողմե մեծապատիվ գայլ խմբագիրն հասարակաց կարծյաց վրա հենլով, վարպետությամբ ընտրելի կը ներկայեր կովն, և կը հարեր, թե յուր ընտրելին՝ պատկառանքովն և բարեմասնություններովն, որոնց և ոչ մին կը հայտներ, շատ հարմարություն ուներ հաջորդելու առյուծին[4]։ Անդիեն մեծապատիվ կատուն, որ հասարակաց կարծյաց իբրև պատգամավոր ցույց տալ կուզեր ինըզինքն,

  1. Զոր ստացած չէր։
  2. Ուրիշե մը ստացվածքին վրա է խնդիրը։
  3. Ինչ որ կը պակսեր ագռավին։
  4. Որ միշտ ինքն հաջորդած է ինքյան և իրմե ուրիշ իրեն հաջորդ չէ ունեցած այնքան հրաժարականներու մեջ: