Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա պառկած, քուրջի մեջ փաթտված տանջվելով կը տանջվի, և անկարող ըլլալով ոչ թե բժշկի և դեղի, այլ նույնիսկ հացի դրամ տալու, կը հարկադրվի տալ յուր վերջին շունչը։ Փերթողնե՛ր, այս կերպով մեռնողներու համար ողբ մը գրա՜ծ եք, պուետներ, դժբախտի մահվան վրա կարդացա՜ծ եք քերթված մը... բանաստեղծներ, ինչո՜ւ ձեր քնարին թելերն միայն ոսկելար աղեղով կը հուզվին...

Ծիծաղ — Այդ բանաստեղծներուն մեջ բացառություններ կան. բայց կաղաչեմ խնդրեն մի՛ շեղիր, լալու ճյուղը Փիլոպիպղոսին է, ծիծաղելու ճյուղն է մերը։

Մահ — Շնորհակալ եմ աղքատներեն, որ զիս չեն վատահամբավեր...

Ծիծաղ — Անոնք ալ քու վրա գովեստով չպիտի խոսեին, եթե կարող լինեին հուղարկավորության ծանուցում մը տպել տալու կամ ոտանավոր մը լրագրի մը մեջ ձրիաբար հրատարակել տալու։

Մահ — Գոհ եմ ուրեմն իրենց աղքատութենեն, որ կարգիլե զիրենք անիրավություն ընելե։ Դառնանք ուրեմն մեր բուն խնդրույն։ Ես ալ կը հարգեմ սովորությունն և կընդունիմ, որ մեռնողն ողբան, ասոր ըսելիք չունիմ, իմ խնդիրս հոն է, որ զիս պատճառ չբռնեն, ես ի՞նչ ընեմ, եթե շատ մը բռնավորներ կաշխատին ժամ առաջ մեռնիլ և հետիոտն կատարվելիք ճամբորդություն մը շոգեկառքով կատարել։

Ծիծաղ — Չեմ կարծեր, որ մեռնիլ ուզող մարդ շատ գտնվի։

Մահ — Եթե չեք կարծեր՝ հիմա կը հավատաք։ Հարյուր հազար անգամ ծանուցում եղած է բժիշկներու կողմեն, թե քորսե գործածելն վնասակար է, թե շնչառությունը կը խանգարե և թե կուրծքի հիվանդություն հառաջ կը բերե։ Եվ ի՞նչ հանցանք ունիմ ես եթե երկու կանգուն լայնությամբ մեջք ունեցող կիներն իրենց մեջքն մեկ քառորդ կանգուն լայնություն ունեցող քորսեի մը մեջ սղմեցունել կուզեն, շնչառությունն արգիլելու չափ կաշխատին, որպեսզի իրենց մեջքը բարակ երևնա և պարի մեջ անոնց պարակիցները դժվարություն չկրեն զանոնք գրկելու համար։ Ի՞նչ մեղք ունիմ ես, երբ պզտիկ մեջք ունեցող աղջիկ մը մեկ կանգուն լայնու-