Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խանութդ բա՞ց է.— Խանութս բաց է, բայց բանող չկա.— Բժիշկ մը չկանչեցի՞ր.— Բժիշկն առանց դրամի կուգա՞.— Շատ և խառն ըմպելիք կը գործածեիր, արդյոք անկե՞ առաջ եկած է հիվանդությունդ.— Ի՞նչ կը խմեի, եղբայր, պզտիկ գավաթ մը քոնյաք, քիչ մալ գինի և օղի։ Միտքս բան մը կուգա, գիտեք, որ հիվանդանալես ի վեր բերանս օղի դրած չեմ. արդյոք օգուտ չը՞ներ եթե պուտիկ մը խմեմ.— Չեմ կարծեր.— Կաղաչեմ կես օխա ղրկե ինձ աղվոր օղիեն, վերջը կը վճարեմ.— Գլխուս վրա, մնաք բարով. — Երթաք բարով»։ Շաբաթ մը չքաշեր կը մեռնի, որբ թօղլով յուր յոթը զավակներն։ Ալ սկսե կարդալ փողոցի պատերուն վրա փակցված սգավոր ծանուցումները, անագորույն մահն սանկ է ըրեր՝ անագորույն մահն նանկ է ըրեր. ի՞նչ է աս անողոքելի մահվան բռնած ընթացքը. իսկ քոնյաքին համար մարսողական՝ օղիին համար ախորժակ բացող և գինիին համար կազդուրիչ կը ըսեն։ Ծիծաղ, դուք իմ տեղս եղեք և մի բարկանաք։

Ծիծաղ — Իրավունք ունիք բարկանալու։

Ման — Մերդնում, որ մարդիկ զիս շատ անգամ կը կանչեն, չեմ երթար, բայց ի՞նչ ընեմ երբ բռնությամբ կը տանին զիս։ Ծխախոտն ո՞ւր դնենք, ասոր ալ վնասակարությանը վրա բժիշկ մը արդեն կը խոսի շարունակ քառասուն տարիներե ի վեր, բայց եկուր տես, որ այս խոտին գործածությունն ալ օր ըստ օրե կը տարածի։ Շատեր կան, որ միայն ծխախոտով կը սնանին և քանի մը տարիեն ետքը նիհարնալով կը հիվանդանան և անկողին կը մտնեն գերեզման երթալու համար,— անկողինն գերեզմանին կայարանն է,— հայհոյություններ, զրպարտություններ, վատահամբավություններ, քաջալերված հասարակաց կարծիքեն, իրարու հետ կը միանան և ինձի դեմ այնքան խայտառակ բառեր կը գործածեն և այնպես լրբորեն կը վարվին հետս, որ ճաթելիքս կուգա, բայց և այնպես խոհեմությամբ կը շարժիմ և բերանս չեմ բանար այն հուսով, թե ապագան պիտի արդարացնե զիս օր մը։

Ծիծաղ — Դարձյալ համբերե՛։

Մահ — Ահա կին մը, որ նեղ կոշիկ հագնելով ոտքի մատեր են միույն վրա կոշտ կը գոյացնե, եթե քիչ մը լայն կոշիկ հագնի՝ կոշտը կանհետանա, բայց կարելի է կնկան մը