Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր ոտքն ցուցնել այնչափ մեծ, որչափ որ չէ, կնկան մը, որ կաշխատի միշտ ոտքն յուր բուն ծավալին կեսը ցույց տալու։ Կնիկ մը յուր ոտքի մեծութենե այնքան կամչնա, որքան էրիկ մարդ մը յուր քթին մեծութենե, և շատ էրիկ մարդեր, որոց քիթն մեծ է, աշխատած իսկ են, որ սովորություն ըլլա քիթերուն ոտքի աման հագցնել, որպեսզի այդ միջոցավ կարելի լինի իրենց քթին մեծությունն ծածկել,— ի՜նչ տղայություն, ամչնա՜լ մեծ քիթե և փառավորվիլ պզտիկ քիթով,— այսպես կինն չուղեր լայն կոշիկ հագնիլ և նեղն ալ չկրնար հագնիլ, որովհետև մատը կը ցավի. ի՞նչ ընելու է, այնչափ աշխատելու է կոշտը զմելիով կտրելու համար, որ վերք գոյանա հոն և բժիշկները գան նախ մատը կտրեն, հետո մեկ ոտքը կտրեն և գերեզման ղրկեն։ Ականջներդ գոցե՛, որ չխուլնան, անգութ մահն, շունշանորդի մահն...

Ծիծաղ — Շունշանորդի բառն անարգական մտոք կը գործածվի...

Մահ — Ներեցե՛ք, ազնիվ շուն, բերնես փախավ, հետս կը կոչեմ։

Ծիծաղ — Վնաս չունի, վնաս չունի։

Մահ — Անագորույն մահն գեղեցկության տիպար կնիկ մը հափշտակեց մեր ձեռքեն. անիծյալ մահ։

Ծիծաղ — Մինչդեռ անագորույնը կոշիկն է։

Մահ — Պատուհաններու տակ սիրահարություն ընելու համար ամբողջ գիշերները փողոցներու մեջ անցունող երիտասարդներուն ի՜նչ ըսելու է, ասոնք քանի մը ահ կը սիրեմ քեզի համար գիշերներով անքուն կը մնան, իրենց տերերեն կը վռնտվին և անգործ կը մնան, նորեն կը շարունակեն իրենց սիրահարությունն նույնիսկ ամենեն ցուրտ եղանակին մեջ և վերջապես «Ձախ կողմիս վրա ցավ կզգամ» ըսելով կուգան տուն և կը պառկին։ Ինչ գոռում գոչում... դեղագործներ, տզրուկներ, դեղահատեր, լուծողականներ, բժիշկներ, մաքրողականներ, արիւններ, տաք ջուրեր, գրեխներ, կազդուրիչներ, սառեր, հանդարտեցնողներ, գրգռողներ իրար կը խառնվին, հիվանդությունն պաղ արյամբ ամենուն կը դիմադրե և տզրուկներուն հետ կը զվարճանա։ Իրար կանցնին, խորհրդակցություններ, այցեգիններ, սպեղանիներ,