Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհաղթ — Ոչ, ոչ, փաստաբանի չեմ վստահիր ես։

Աքիլլես — Ես ալ չեմ ուզեր։

Ծիծաղ — Շատ լավ։ Ատյանը բացված է։ Տյարք աքաղաղք. ուշադրությամբ կարդացի այն խորհրդածություններն, իմաստասիրություններն, պատմական տեսություններն, քննադատական, գրական և առևտրական հոդվածներն, որ այս առթիվ հրատարակվեցան լրագիրներու պարապ մնացած սյունակներուն մեջ։ Քու ազգակիցներդ, ո՜վ Անհաղթ, ջիղերուդ տարօրինակ ուժին վրա պզտիկ գաղափար մը տալու համար ամենուրեք հռչակեցին, թե ցորենաբարձ եռակայմ նավ մը գլխարկի պես գլխուդ վրա դնելով կրնաս տասն օրվան ճամբան քալել։ Քեզի համար ալ, Աքիլլե՛ս, պատմեցին, թե երկիրս կը շարժես, եթե փռնկտաս. և չտեսնենք այն օրն, թե մեկ երկվայրկենի մեջ աշխարհը կը կործանես եթե հարբուխ ըլլաս։ Շատերը խնդացին այս զրույցներուն վրա, ոմանք ալ լացին. ես ոչ խնդացի, ոչ լացի, այլ ուղեցի անձամբ ստուգել ձեր գերբնական ուժը։ Ուստի, Անհաղթ, նախ զքեզ պիտի քննեմ քանի մը հարցումներ ընելով քեզ. եթե հաստատական պատասխան տաս անոնց՝ առաջին կարգի մրցանակն կընդունիս։

Անհաղթ — Հարցուցե՛ք։

Ծիծաղ — Տեր Անհաղթ, դու որ այնքան ծանր բաներ վերցնելու վարժ ես, ըսե ինձ, թե կրնա՞ս բառնալ կենդանիներու երեսփոխանական ժողովույն մեջ խնդրո նյութ եղած սևազգեստներու վանուց պարտքը:

Անհաղթ — Այդ խիստ ծանր է։

Ծիծաղ — Իրենց ոսկիներուն գերի եղած հարուստներուն ագահությունը։

Անհաղթ — Չէ։

Ծիծաղ — Դասատուներու խեղճությունը։

Անհաղթ — Կարելի չէ։

Ծիծաղ — Գրասերին արտասուքի տակառը։

Անհաղթ — Այնչափ ուժ չունիմ։

Ծիծաղ — Վարժարաններու անկանոնությունը։

Անհաղթ — Այդ մասին տկար եմ։

Ծիծաղ — Գերապատիվ ագռավին թեթևությունը։