Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍԽԱԼՄՈԻՆՔ

Մարդս սխալական է։

Այս խոսքը երկինքեն ընդունված ճշմարտություն մը և պապեն մերժված ստություն մ:

Այս խնդրույն մեջ երկինքն ու երկիրը իրարու հակակարծիք են։

Մեղու՝ որ երկնիր և երկրի մեջտեղն է, կըսե, թե ոչ միայն մարդ այլ նաև բնությունն ալ սխալական է, և իբր ապացույց մեջ կը բերե երկու գլխով, վեց մատով, երկու սեռով և այլն արարատներ. եթե ասոնք չբավեն՝ մարդու կերպարանքով իր Այվազը իբր օրինակ հառաջ կը քշե։

Սա հիմը դնելնես ետքը դառնանք մեր բուն խնդրույն։

Ոսկեղեն դարու մեջ մարդիկ նվազ սխալական էին, ներկա երկաթյա և արծաթյա դարուս մեջ ավելի սխալական են. ուսկից կը հետևի, թե մարդիկ աղքատության մեջ ավելի կը սխալին քան թե հարստության մեջ։

Չես հավտար նե՝ մտիկ ըրե։

Գեղ երթալու համար շոգենավ կը մտնես, պիլեթճին կուգա, քառորդ մեճիտ մը կուտաս որ մնացածը տա։ Պիլեթճին ըստ որում մարդ է, ըստ որում սխալական է, հինգ փարա պակաս կուտա, կերթա։ Կը կանչես զինք և հինգ փարադ կուզես։

— Ներեցեք տարոն, սխալեցա։

Րեժիին հաստատվելեն իվեր շատերը ծխախոտ առնելու սովորությունը թողած են, բայց ծխելու սովորությունը՝ ոչ։ Քանի մը բարեկամաց քով ծխախոտի տուփդ կը հանես, որ սիկար մը շինես, սիկարդ խմելեդ և քիչ մ'ալ նստելեն ետքը կելնես և դռնեն դուրս ելած ժամանակդ կը նայիս, որ տուփդ քովդ չէ. ետ կը դառնաս և բարեկամացդ կը հարցնես։

— Առե՛ք, պարոն, իմս կարծեր ճեպս դրեր եմ, սխալեցա։