Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵԼՎԱՃԻԻՆ ԼԱՊՏԵՐԸ

Զգուշացիր ընթերցող, չըլլա որ ծխախոտ առնելու գացած ատենդ ածուխ առնես ու ետ դառնաս. չըլլա որ հելվա առնել ուզած ժամանակդ, հելվաճիին լապտերն առնես ու երթաս։

Անցյալ չորեքշաբթի օրը ժամը իրիկվան մեկուկեսին ատենները մեր բարեկամներեն մեկը՝ տունեն դուրս կելնե ու Սելամսըղ կերթա հոն կայնող հելվաճիներուն մեկեն հարյուր տրամ հելվա առնելու։

Իրեն ծանոթ հելվաճիի մը առջևը կը կայնի, և շունտան յուզ տիրեմ հելվա վեր ըսելով, ստակը կուտա, և փոխանակ հելվան առնելու թապլային վրա եղող լապտերը կառնե ու կսկսի քալել։

Հելվաճին կը տեսնե, որ իր մյուշթերին տալղընությամբ լապտերը առեր կերթա, ետևեն կ՝սկսի պոռալ։

— Յահու, պանա պաքսանա յանլըշ ալտընըզ։

— Ներեսի յանլըշ ատամ, հեր աքշամքի մյուշթերինի թանը՞ մայորմուսուն։

— Յոք ճանըմ, յանլըշ տեյորում:

— Նե, բեթմեզլի մի տիր։

— Յոք, ա քուզում...

— Ուզուն էթտին հա՜ա ըսելով մեր բարեկամը կառնե կը քալե։ Հելվաճին ալ եկող մյուշտերիները չփախցնելու համար թապլային քովը կը վազե։

Մեր բարեկամը տուն մտնելուն պես՝ լապտերը ամուսնույն կուտա վեր կելնե ու սեղանը կը նստին։

Կերակուրնին ուտելեն ետքը կարգը հելվային կուգա։ Մեր բարեկամը ամուսնույն դառնալով կըսե.

— Բե՛ր նայինք։

— Ի՞նչ բերեմ։

— Աս գիշեր ի՞նչ տվի ես քեզի՛։