Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴՐՈԻՅՆ ՎՐԱ ՀԱՅ ԷՖԵՆՏԻԻ ՄԸ ԿԱՐԾԻՔԸ

Պեոյուք Տերե բանող շոգենավներուն մեկուն քամարային մեջ, քահանա մը, թուրք էֆենտի մը և հայ էֆենտի մը նստած այսպես կը խոսեին առջի оրը։

Թուրք — Աստվածդ սիրես նե սա ձեր կրոնքին չդպչիր ա՛ գերեզմանատունը տալը։

Հայ — Չդպչիր էֆենտիմ։

Քահանա — Ըսել է որ ձեր կրոնքին վրա գաղափար չունիք դուք, եթե ունենայիք կը դպչի պիտի ըսեիք։

Հայ — Կը դպչի յա՞:

Թուրք — էյ, հայերը հիմա ան գերեզմանատունը տալու չե՞ն։

Հայ — Տալու են։

Քահանա — Կրնա ըլլալ որ տան։

Հայ — Տալու չեն։

Թուրք — Ալթընճը տայրեն ուզե նե՝ չկրնա՞ր առնել:

Հայ — Ի՞նչպես չէ, հայտե հայտե կրնա առնել էֆենտիմ։

Քահանա — Ի՞նչպես կրնա առնել։

Հայ — Չկրնար առնել ճանըմ, դուն մի նայիր քովինիս անանկ խոսելուս։

Թուրք — Դուն անոր տեղը ըլլայիր նե՝ չէի՞ր առներ։

Հայ — Ի՞նչպես չէի առներ, ես քովինիս մախսուս անանկ կըսեմ կոր։

Հայ էֆենտին մեկ դեմքով կուտա մյուս դեմքովը չտար ըսելով, իր քովը նստողներուն երկղիմի ըլլալը հասկցուց։

Որչա՞փ դժվար է մեկ դեմքով ապրիլը, ով Աստված իմ...: