Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բռնած է, պոչն ալ գաբրիելյան փողին մեջն է։ Պարտատերդ կը բարկանա, ականջը կը գոցե, բերանը կը բանա, հազար հայհոյություններ դուրս կը պոռթկա, փողոցեն անցողներ խանութիդ առջև կը շարվին, պատիվդ (հարկավ ունիս) մեկ ստըկի կըլլա։ Պարտատերդ ասով ալ չբավականանար, քանի մը ապտակ ալ կիջեցունե գլխուդ, դուն ալ զզայուն մարդ ես. ապտակներուն ցավը կզգաս, ոտքի վրա կելնես և հրապարակավ կուզես տեղը դարձունել պատիվդ. պարտատերդ ասիկա տեսնելուն պես ինքզինքը կը ժողվե շուտով բարտոն մը կըսե. է՛յ, հիմա ինչ կրնաս ըսել մարդուն. բարտոն ըսավ, սանքի ան բարտոնով պարտատերդ ատ խոսքերը չըսածի պես դուն ալ չլսածի պես կըլլաք եղեր, ասկե զատ կեոյա ամենևին ծեծ ալ չկերածի պես կըլլաս եղեր:

Սրճարանի մը մեջ նստեր, սուրճ կը խմես. անդիեն պարոն մը քովեդ արտորանոք անցնելիքեն թևիդ կը զարնե դիպվածով, խահվեն կը թափվի, ձեռքդ կը խաշի, բանթալոնդ կարատի, հազիվ թե կը պատրաստվիս իր անկրթությունը երեսին զարնելու, անիկա՛ քեզմե առաջ բարտոն մը կը կոխե, որ խոսքդ բերնիդ մեջ կը մնա. աս բարտոնը ըսել պիտի ըլլա, որ շատ շենքով շնորհքով անցեր է առջևեդ այդ պարոնը և դուն ալ խահվեդ կեոյա խմեր լմնցուցեր եսի պես բան մը կըլլա եղեր։


Սկյուտարի շոգենավին մեջ ես և ոտքի վրա ես. վասնզի նստելու տեղ չես կրնար գտնալ բնավ. պիլեթճիներն հանդարտ չեն թողուր, որ գոնե կեցած տեղդ մնաս, սա թարաֆը եկո՛ւր, ան թարաֆը գնա ըսելով՝ առջևեդ աճելեով կանցնին, դուն ալ ինչ ընես, սխալական երիտասարդ մես, դիպվածով մեկ օրիորդի կամ տիկինի մը (օրիո՞րդ է թե տիկին է տեյի չպիտի հարցունես յա) ոտքին կը կոխես և պոթինը կաղտոտես, օրիորդն այն կամ տիկին ծանր կերպով մը կըսե. «Պարոն, չե՞ս ամչնար», դուն ալ եթե կուզես կամչնաս, ատի քու ձեռքդ է (քաբթանը ատոր չկրնար առնվիլ). բարտոն մը կ՚ըսես, անդին կը նայիս։ Քանի մը վայրկյան կ՚անցնի, սխալական ես ըսինք յա, գործը անանկ կը բերե, որ դարձյալ երեսդ ան օրիորդին կամ տիկինին դարձունես և խնդաս, օրիոըդն այն կամ տիկին կը բարկանա և «Առջևդ նայե», կըսե. դուն ալ «Ինչ կըլլա նայիմ նե», կը պատասխանես, օրիորդն այն կամ տիկին կը սրտմտի և քանի մը ծանր խոսքեր կ՚ընե. ժամանակ կորսնցնելու չէ, շուտով բարտոն մը կոխելու է, և անդին երթալու է։