Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԱՂԱՄՈԼՈԻԹՅՈՒՆ

Հայերը այս ախտին մեջ ալ բավական հառաջադիմություն ըրին։ Տուներու մեջ, սրճարաններու մեջ ամեն գիշեր պանքա կը բացվի, ամեն գիշեր կռիվ կըլլա։

Այս ախտեն ազատելու համար միջոց մը կա միայն, այն է ստակ չունենալ։

Կը բարեմաղթենք ուրեմն, որ մեր խաղամոլ ազգայինք բոլոր ստակնին կորսնցնեն, որպեսզի այս ախտեն ազատին, կը փափագինք նաև, որ չխաղացող ազգայինք ալ ստակ չվաստկին որպեսզի այս ախտեն չբռնվին։

Պարոն Կիրակոսը երևելի ընտանիքե և ազնիվ բնավորության տեր մարդ մէ, իր միակ հանցանքը խաղամոլությունն է։

Պարոն Կիրակոսը առջի գիշեր ժամը վեցին միջոցները բարկությամբ տուն կը մտնե։

— Ինչո՞ւ բարկացեր ես, սիրելի ամուսինս, կը հարցնե կնիկը։

— Ձգե Աստվածդ սիրես նե, երկուքնոց մը բանալու ըլլար նե հարյուր ոսկի պիտի վաստկեի. տուր սա բանալին։

— Սնտուկին մեջ բան չկա, բանալին ի՞նչ պիտի ընես։

— Տուր կըսեմ նե հարկավ բան մը գիտեմ։

Պարոն Կիրակոսը բանալին կառնե, սնտուկը կը բանա և մեջեն արծաթյա նարկիլե մը կառնե կերթա։

Պարոն Կիրակոսը ժամե մը կը դառնա։

— Ո՜հ, կնիկ, թե որ չորսնոց մը բանալու ըլլար երկու հարյուր ոսկի պիտի վաստկեի։

— Ըսել է որ երկուքնոց չորսնոց չկա թուղթերուն մեջ։

— Ձգե՛ Աստվածդ սիրես նե՝ աս անգամ հինգնոցի քաշել պիտի տամ, տուր սա բանալին։

Պարոն Կիրակոսը սնտուկը կը բանա ու մեջը սամուր քյուրք մը գտնելով ան կառնե կերթա և մեկուկես ժամե ետ կը դառնա։