Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մենք խապար չունինք։ Ծո՛, քեհյա պապային օղի մալ տուր:

— Սխալ ըլլալու է, դուք ձեռքս մեծցած եք, ես ձեզ չե՞մ ճանչնար։

— Հայտնի բան է, որ սխալ է. ծո օղի մալ տուր քեհյային։

— Ես ձեր ամենուդ ալ հայրերը ձենե աղեկ և շատ աղեկ կը ճանչնամ, ի՞նչ բարի մարդիկ էին անոնք։ Իմին լախտս թող չէին տար, ամեն իրկուն մեկ երկու շիշ օղի շխմցնեին նե՝ ինձի, քուներնին չէր տաներ, ա՜հ, ո՞ւր մնաց անանկ մարզիկներ հիմա։

— Մեր հայրերն ալ քու վրայոքդ միշտ խոսեին, քեհյային օղի մը բեր։

— Անոնց ազնվականությունն է, որ անանկ խոսել կուտա, է՛հ տղաքներս, սա ալ խմեմ տե երթամ։

Վերջին գավաթը պարպելեն ետքը քեհյան դուրս կելնե և այս լուրն իրեն տվողին կերթա։

— Ի՞նչ ըրիր, քեհյա։

— Աղվոր մը լվացի, երեքն ալ զապթիե պիտի տայի թող չտվին։

— Շնորհակալ եմ խահվե մը կը խմե՞ս։

— էսթաֆրուլլա։

— Օղի մը բեր քեհյային։

— Ես քու խոսքդ ոտքի տակ կառնեմ մի, շիտակ գացի զանոնք գտա և անանկ պոռացի որ, թե որ վախերնուն այս գիշեր չհիվանդանան նե՝ աղեկ։

Մարդը այս բերկրալի լուրը առնելուն պես ընտանյաց հայրը կը գտնե և կավետե իրեն քեհյային մեծագործությունը։

Աստված ասանկ քեհյաները պակաս չընե:

Նույն թաղին մեջ բնակողներն ալ այս լուրը իմացած ըլլալով՝ գիշեր ատեն դուրս ելնելու կը վախնան եղեր։

Աղեկ որ ես կնիկ ստեղծված չեմ... աղեկ որ Իճատիեի մեջ չեմ։