Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԵՓՈՂԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ ԿԱՄ ՇՈՂՈՔՈՐԹՈԻԹՅՈԻՆ

Անցյալ տարի պարոնին մեկն ըսավ, թե սերը չափազանց շողոքորթութենե կը ծնի։ Ես չուզեցի հավտալ այս եզրակացությանը, զի սերը բարոյականության մեջ կը փնտրվի, իսկ շողոքորթությունն անբարոյականության մեջ։ Սակայն հիմա փորձ մը զիս համոզեց, թե երբ անբարոյականության մեջեն բարոյականություն, և բարոյականության մեջեն անբարոյականություն քաղվի և ասոնք ի մի ձուլվին, այն ատեն բարեխառն առաքինություն մը կը ծնի եղեր։ Զոր օրինակ.

Պ... թաղին մեջ մեկ մը մյուսին տունն այցելության կերթա, և ի սկզբան հարգ և պատիվ չի գտներ տանը փառավոր տիկինին կողմեն. ուստի կը վշտանա և իր տունը դառնալով կ՚սկսի միջոցներ խորհիլ, միտքը կուգա, որ աշխարհիս մեջ տիկիններուն հաճելի երևցած բանը շողոքորթությունն է։ Անմիջապես դուրս կելնե և իր բոլոր բարեկամներուն և ծանոթներուն կ՚սկսի չափազանց գովաբանել այն տիկինը՝ որմե պատիվ և հարգ չէր տեսած առջի օրը։

Վշտացյալն այս գովաբանությունը կը շարունակե մեկ քանի օր, մինչև իսկ այնպես կ՚ընե, որ տիկինը իբրև չաստվածուհի մը կը նկարագրե։

Կ՚երևի որ այս գովաբանական տարաձայնությունն ի չորից կողմանց տիկնոջն ականջն հասեր ու յանչափ փառավորվեր է, զի շաբաթ մը հառաջ կոշտ ու անքաղաքավար հրատարակած կամ կարծել ուղած անձին հետ մեկ շաբաթ ետքը տեսություն ընել կուզե։

Պարոնն այս առաջարկությանը վրա տիկնոջը տունը կերթա երկրորդ անգամ, բայց խիստ քաղաքավարական եղանակավ...

Այս պարոնն առանց կարմրելու պարկերով և տակառներով ծեփողականություն և շողոքորթություն կը թափե տիկնոջն առջև, որոնց բոլորն ալ կընդունվին ամենայն հաճությամբ: