Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը պատմես, տանտերը կը հասկնա, որ անոթի ես, կը հրամայե, որ քիչ մը կերակուր բերեն։ «Ի՞նչ կըսեք Աստվածնիդ սիրեք նե, մինչև հիմա կերակուր չուտել կարելի՞ է», կըսե տիկինը, էրկանը բերնեն խոսքը առնելով, բոլոր ներկա եղողներն ալ տիկինին ըսածը կը Հաստատեն, ասոր վրա տանտերը կ՚ըսե. «Քանի որ հասարակաց կարծիքը կ՚ըսե թե կերակուր կերած է, ալ ինձի խոսք չիյնար»։ Դուն ալ անոթի եմ ըսելու կամչնաս, անոթի փորանց սուրճ մը կը խմես, անկողնս մեջ մինչև առավոտ կը զարմանաս այս աշխարհի թագուհվույն վրա և մինչև այսօր միտքեդ չելներ, որ հասարակաց կարծիքը ժամը երեքեն վերջը եկող հույրերը անոթի պահել է եղեր։

Այն ինչ պարոնը վաճառականության կսկսի, ինչ ապրանքի վրա առևտուր ընելիքը չորոշած, անոր ասոր կարծիք կը հարցունե։ Ան ալ, աս ալ իրենց կարծիքը կ՚ըսեն, մարդն ալ «Հասարակաց կարծիքը աս է եղեր» ըսելով անոնց ըսած ապրանքեն քիչ մը բան ձախու կառնե, դարձյալ կերթա կը հարցունե նե՝ «Ինչո՞ւ կեցեր ես, գնա այն ապրանքեն կրցածիդ չափ առ» կըսեն, մարդն ալ իր ոսկիները այն ապրանքին կը փոխե, և կերթա դարձյալ կը հարցունե թե ի՞նչ ընե։ «Ինչու կեցեր ես, գնա ծախե».— «Հապա գիները իջած են».—«Ի՞նչ վնաս ունի, դուն գնա ծախե. գին չէ՞ մի, այսօր իջնա նե վաղը կ՚ելնե»։ Մարդը կը շվարի կը մնա և կ՚սկսի ծախել, սակայն անանկ ծախել, որ տարի մը չքշեր խանութին մեջ ո՛չ ապրանք կը մնա ո՛չ ստակ, մարդը շատ անգամ մեծավ զարմացմամբ սա խոսքերը կ՚ըսեր. «Հասարակաց կարծիքը վաճառատուն բանալ և տարիե մը գոցել ըսել է եղեր»։

Ահա կը նայիս որ թաղեցի մը երիտասարդի մը կ՛առաջարկե, որ վարդապետ ըլլա, այդ պաշտոնին շատ հարմարություն ունենալը հիշելով. երիտասարդը կը պատասխանե, որ վարդապետ ըլլալու ո՛չ կամք ունի և ո՛չ տաղանդ։ Թաղեցին կը մերժե այս խոսքը ըսելով. «Դուն ինքզինքդ չիյտես, հասարակաց կարծիքը քու կարողությունդ քենե աղեկ գիտե»: Երիտասարդն ալ ակամա բժշկի պես կը զարմանա, որ ինը այնքան տաղանդ ունի և չգիտե եղեր, ինչ է նե կ՚ըսե յուրովի «Թե որ ես ես եմ, ուրիշ մը չեմք Նարեկը լմնցուցեր, դպրոցեն դուրս ելեր եմ, այն օրվնե իվեր ալ գիրքի երես տեսած չունիմ, հետևապես շիտակ չեմ կրնար կարդալ, բերնուց ի՞նչպես պիտի կարդամ և քարոզ պիտի տամ. բայց որովհետև հասարակաց կարծիքը այսպես կըսե, ես ալ կ՚ըլլամ» ըսելով հավանություն կուտա և վարդապետ կ՝ըլլա։ Վրայեն տարի մը կ՚անցնի, քարոզ մը չտար, թաղեցին կ՚ըսե. — «Վարդապետ քարոզ մը ե՞րբ պիտի