Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԾՈՎՈԻ ԲԱՂՆԻՔ

Օղերը տաքցան։

Տարոսը լրագրաց հոդվածներուն։

Չկա մարդ մը, որ ծովու բաղնիքի մը մեջ ըլլա, ու հոն դարձած խոսքերը լսե ու չխնդա:

Հոն ամեն մարդ բժիշկ է. ամենքն իրարու խրատ կուտան:

Բաղնիքը մտնաս նե՝ էն առաջ գլուխդ թրջե՛,— Չէ՛, ոտքերդ թրջե՛— Բաղնիք մտնելեն առաջ երկու գավաթ օղի խմելու է, — Չէ, բաղնիքեն ելնելեն ետքր խմելու է.— Թե՛ առաջ և թե՛ ետքը խմելու է.— Անոթի փորանց մտնելու է,— Ցնցվելուդ պես դուրս ելնելու է.— Քառորդե մը ավելի կենալու չէ,— Ելնելեն ետքը երկու օխա գինի խմելու է,— Շատ քալելու չէ,— Շատ քալելու է,— Շարժում ընելու է, կայնելու չէ,— Հալելու է,— Սռնակի վրա պառկելու է,— Երեսի վրա պառկելու է,— Գլուխն ալ ծովին մեջ խոթելով երկու ժամ անանկ կայնելու է,— Անկից ելնելուդ պես շիտակ գերեզման երթալու է։

Կնիկներն ալ հարկավ բան մը կը խոսին,— Ի՛նչ կը խոսին արդյոք Մեղու,— Ինչ գիտնամ ընթերցող, բայց հավանականաբար հետևյալներն պիտի ըլլան։

Աղջիկ, շատ մի կայնիր, վերջը հիվանդ կըլլաս,— Աղջիկս, չպլախ մի՛ կայնիր կը դեղնիս, նշանածդ տեսնե նե՝ չհավնիր.— Տուտո՛ւ, տե՛ս սա աղջիկը այնչափ ճերմակ էր տե, լվացվելուն պես տե՛ս ինչպես սևցավ, — Մի՛ պոռար աղջիկս, ամենքնիս ալ մեյմեկ խուսուր ունինք, — Անթառամ տուտուին մազերը սև էին, այսօր ճերմակ է.— Քա այս կենճը որչափ շիշման կ՝երևար, քա չնայի՞ս որչափ զայիֆ է եղեր,— Կարապետը հոս ըլլալու էր տե՝ նշանածը տեսներ շուտով նշանը ետ կըներ։

Հավանականաբար ասոնք ըլլալու են ըսի, և չեմ կարծեր, որ տիկինները զիս պզտիկ ձգեն։