Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՍԿՍԻ ՍԻՐԱՀԱՐՈԻԹՅՈԻՆԸ

ԵՎ ԻՆՉՊԵՍ ԿԸ ՎԵՐՋԱՆԱ

ԳԼՈԻԽ Ա

— Օրիո՛րդ, գիշերները դուրս կ՝ելնե՛ք երբեմն։

— Գիշերները դուրս ելնելը չեմ սիրեր։

— Ես ալ չեմ սիրեր։ Ինչ կընեք հապա գիշերները։

— Ինչո՞ւ հարցուցիք։

— Ներեցե՛ք, թե որ կուզեք հարցումս ետ կ՚առնեմ։

— Ներելու բան չկա։ Գիշերները քիչ մը կը նստիմ կը կարդամ։

— Ճիշտ ինձի պես։ Ինչ կը կարդաք։

— Վիպասանություն կը կարդամ, վեպերը շատ կը սիրեմ։

— Ես ալ շատ կը սիրեմ։ Դուք ո՞ր վեպը ավելի շատ կը սիրեք։

— Պողոս և Վերգինիան շատ կը սիրեմ, այնչափ կը սիրեմ այս երկուքը, որչափ որ այս երկուքը կը սիրեին զիրար։

— Ա՜հ օրիորդ։

— Ի՞նչ կա։

— Ո՜հ, օրիորդ։

— Ի՞նչ եղար։

— Ո՜ւֆ, օրիորդ։

— Ցա՞վ ունիս։

— Չգիտես, թե ես ալ որչափ կը սիրեմ...

— Պողոս և Վիրգինիա՞ն։

— Չէ։ (Ծունկի վրա գալով) զքեզ կը սիրեմ։

— (Բարկությամբ) Դուն զիս ո՞վ կարծեցիր, կորսվե սըկե, մեյ մալ երեսդ չտեսնամ։

— Գթություն, գթությո՛ւն:

— Հապա մեկը իմանա նե մեր սիրահարությունը։

— Ո՞վ պիտի իմանա։

— Ինձի սիրահարիլդ մեկու մը չե՞ս ըսեր։