Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տղու մը պես ի՞նչ կուլաս կոր...

— Տղու մը պես կը խաբես կոր իհի, իհի, իհի, հի, իհի...:

Ոտքդ պագնեմ, լռե՛. մեկը տեսնե նե՝ ի՞նչ կ՝ըսե։

— Հի, հի, հի, հի, հի, հի։

— Հա՛, հա՛, հա՛ լալու ի՞նչ կա որ ասանկ...։

— Խնդալու ինչ կա որ անանկ...։

— Խոսե որ քիչ մը բացվիս։

— Ես որ հի հի, հի բո բո բոլոր հի, հի, հի... սը սը սը... սը սը սը... սը սրտովս իհի, իհի, իհի, հի, հի, հի... քե քե քե... քե քեզի կը սի սի սի րեմ կոր, եեե... երեկ հի՛, հի՛, հի՛, մի մի մի... մինչև ժա ժամը տա տա տա... տասը քու քու դա դա... գա գալուդ սպա... սպա... սպա... հի, հի, հի, սպա...

— Սեցիր, անանկ չէ՞, մի խոսիր, որ քիչ մը բացվիս։

— Չը չը չը... չըչըչը... չը չը չխոսիմ... շա շատ աղ աղեկ...


ԳԼՈԻԽ Դ

— Խոսե՛, օրիորդ, բայց մի ստեր։

— Համոզվելու ես, որ քեզմե ուրիշ մեկը չեմ սիրեր, սիրելու ալ ըլլամ նե՝ խե՞նթ եմ, որ քու առջևդ սիրեմ։

— Անանկ է նե՝ մորեղբորդ որդվույն հետ ի՞նչ կը խոսեիր։

— Իր սիրույն վրա կը խոսեինք։ Ան ալ սիրուհի մը ունի եղեր, այս սիրուհին ուրիշ սիրականներ ունի եղեր, այս սիրականներն ալ ուրիշ սիրուհիներ ունին եղեր, իրարու հետ կը կռվին եղեր. վերջապես ասոնց վրա կը խոսեինք։

— Հավատա՞մ, որ ինձմե զատ սիրական չունիս դուն ալ։

— Հավատա՛։

— Թե որ ինձմե ավելի դեռահաս պատանի մը սիրտդ զբավել ուզե նե՝ զիս պիտի թողո՞ւս։

— Ամենևին։

— Ինձմե ավելի աղվոր մեկը ըլլա նե։

— Բնա՛վ երբեք։

— Ինձմե ավելի հարուստ մեկը ըլլա նե։

— Ատանկ բաներու վրա չխոսինք։ Հիմա ես կիրակի օրը կղզի պիտի երթամ, շրջազգեստ չունիմ. ինձի վաղը աղվոր խումաշ մը կը ղրկե՞ս։

— Ամենայն սիրով: