Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Առնենք օրիորդ... բայց... Բերա եկանք, պարտեզին առջին ենք...։

— Անանկ է նե իջնանք։

— Շատ աղեկ (Առ կառվարն) Հոս կեցիր դուն։

— Որ նստինք օրիորդ։

— Սա ծառին տակը նստինք, անցնողները զննենք։

— Սա երիտասարդը ո՞վ է:

— Քովեն գացող աղջիկին սիրականը։

— Ասդիի աղջիկը։

— Անդիի երիտասարդին սիրուհին։

— (Մեկուսի) Միհրանիկս հոս է, քիչ մը քովը երթամ։

— Ուր կերթաք կոր օրիորդ։

— Մորեղբորս տղան հոս է, քիչ մը քովը երթամ ու գամ։

— Շատ աղեկ գնա։ (Առանձին) Զիս մինակ թողուլ և մորեղբորը տղուն քով երթալը չվայլեր. ինչ է նե համբերելու է։ Ահա գնաց... մորեղբորը տղան ոտք ելավ... իրարու ձեռք կը սեղմեն կոր... մորեղբորը տղան քիչ մը ուժով կը սխմե կոր կարծեն... նստեցան... մորեղբորը տղան հորաքրոջը աղջկան ձեռքը կը համբուրե կոր... աս ի՞նչ է... ասանկ մորեղբոր տղայություն կըլլա ... քահ քահ կը խնդան կոր... օղի կը խմեն կոր... գավաթները իրարու կը զարնեն կոր... թև թևի մտան, կը պտըտին կոր... ելնեմ սըվոնց ետևեն երթամ, և օրիորդին ըսեմ, որ քովս գա...

— Ներեցե՛ք, մինակ մնացիք, ի՞նչ ընեմ, շատուց է, որ մորեղբորս տղան տեսած չունեի։

— Հրաման տվե՛ք ինձի, օրիորդ երթամ:

— Հրամանը ձերն է. կրնաք երթալ։

— Այսչափ հայտնի կերպով կը վռնտեն զիս...

— Վռնտեմ նե ի՞նչ կըլլա եղեր։

— Մնաք բարով օրիորդ, մորեղբորդ տղուն խերը տես, օրիորդ, այդ երիտասարդը քու սիրականդ է։

— Այո, սիրականս է, ի՞նչ ըսել կուզես։

— Ըսել կուզեմ, որ ես քու սիրականդ չեմ։

— Հարկավ չես։

— Արդեն քու աչքերեդ հայտնի էր ինչ աղջիկ ըլլալդ։

— Յա, քեզի պես ապուշը սիրելո՞ւ էի։

— Դուն ալ ինքզինքդ աղվորի տե՞ղ ես դրեր։

— Կորի սըկե։