Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՄՈՏԱ ՄԸ ԵՎ ԲԱՐԻ ԼՈԻՐ ՄԸ

Ընթերցո՛ղ, ա՛չքդ լույս, այս ամիս մոտա մըն ալ ծնավ։

Աչվընիդ լույս, պարոններ, իգական սեռը ավելի կը գեղեցկանա կոը, օթիորդք ձեր ալ աչվըները լույս, երիտասարդները ձեզի պիտի մոտենան, եթե դուք ալ կեցած տեղերնիդ մնաք ու ավելի հեռուն չերթաք։

Աչքդ լույս, Պաղտասար աղա, հացին հոխան տասը փարա վրա դրավ, ակնոցդ քիթդ անցուր, կարդա նայինք ի՞նչ կարծիք ունիս ժամանակիս վրա։

Հայտնի է, որ հիմա երիտասարդաց ու օրիորդաց մեջ իրարու նմանելու մրցում մը կա. բաներնին գործերնին ձգած օրիորդները երիտասարդաց, երիտասարդներն ալ օրիորդներուն նմանելու կ՝աշխատին։ Ընթերցո՛ղ խոսքը մեջերնիս մնա, ասանկ երթալու ըլլա նե երկուքն ալ իրարու նմանելիք չունին, ինչպես որ զուգահեռական գծերն ալ որչափ վազեն իրարու չի պիտի հասնին. ինչ է նե, պարապ չի նստին տե ինչով կ՝ուզեն նե թող աշխատին։

Երիտասարդները թևնոց և վզնոց գործածել սկսան, օրիորդներն ալ անոնց նայելով նույնը ըրին։

Երիտասարդները փողպատ կը դնեին, օրիորդներն ալ դնել սկսան։

Երիտասարդները պաստոն կը գործածեին, օրիորդներն ալ ձեռքերնին պաստոնի պես հովանոց առնել սկսան:

Երիտասարդները ակնոց կը դնեին, վերջերս օրիորդներեն ոմանք ալ ակնոց գործածել սկսան։

Երիտասարդք տեսակ մը կոշիկ կը հագնեին, օրիորդք ալ սկարբին անունով անոր պես բան մը ոտքերնին անցուցին:

Օրիորդները երեսնին բուտռա, քիրեն-կավիճ և այլն քսել սկսան, երիտասարդք ալ քսվել սկսան։

Օրիորդները ղատկի հավկիթի պես երեսնին ներկել սկսան, երիտասարդներեն շատեր ալ անոնց օրինակին հետևեցան։