Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ

Կարծյաց ընդհարումեն ցայտող բանին ուրիշ ազգերը ճշմարտություն կըսեն, մեր մեջ եթե այս ընդհարումը երկու կարծյաց մեջ տեղի ունենա, անկե ցայտողին հայհոյություն կըսվի, թե որ շատ կարծյաց մեջ տեղի ունենա, անորոշութեան կըսվի:

Տան մեջ լաթ լվացող, անկողին ձգող, կերակուր եփող կանանց, աղախին կըսեն, մենք այս աղախիններու վարժապետ. կ՚ըսենք։

Թե որ մեկը իր բարեկամին քով աղվոր ծխախոտի տուփ տեսնե, և զայն կամացուկ մը իր գրպանը դնե, ուրիշ ազգերու մեջ գողություն կըսվի, մեր մեջ ասոր մտերմություն կըսվի:

Թե որ Հայաստան պատանի մը (դեր բայի) օրիորդ մը (սեռի խնդիր) գրկե հրապարակավ, այնքան ծեծ կուտե, որ տեղեն չկրնար շարժիլ, պատիվն մեկ ստըկի կըլլա, վատ կըսվի թե որ լուսավորյալ ազգերու մեջ պատանի մը (սեռի խնդիր) օրիորդ մը (դեր բայի), հրապարակավ գրկե և ուզածին չափ սղմե և քանի մը անգամ ալ դառնա նե, ինչ աղեկ բոլքա կը խաղա կըսվի։

Թե որ մեկը առանց խորհելու բերնին եկածը դուրս տա, ուրիշ ազգերու մեջ անմիտ կըսվի, մեր մեջ ազատամիտ կըսվի։

Թե որ երիտասարդ մը իր ծաղիկ հասակին մեջ սև ու կարճ մորուսով մը շրջանակե յուր դեմքը՝ ուրիշ ազգերու մեջ ինչ աղվոր մորուս ունի կըսեն, մեր մեջ այս երիտասարդաց ստակ չունի կըսեն։

Թե որ մեկը կրոնական, քաղաքական ուսումնական ամուսնությամբ աղջկան մը հետ կապվի, ուրիշ ազգերու մեջ այս երիտասարդին էրիկ կըսվի, աղջկան ալ կնիկ. մեր մեջ այս երիտասարդին տեր կըսվի, կնկան ալ գերի. թե որ՜ այս վերջինը ստակ ունենա՝ այն ա՜տեն կնկան տեր կորովի, էրիկին ալ գերի...:

Թե որ մեկը պարտեզի մեջ պտըտած ժամանակը իրեն անծանոթ ընտանիքի մը հանդիպի, ճամբա չբանալով քսվտելով անցնիլ,