Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՂՈԻ ԱՌ ՏԻԿԻՆ

Տիկի՛ն:

Ի՞նչ է աս... Ի՞նչ պիտի ըլլալ ասոր վերջը, ի՞նչ էր ասոր սկիզբը...։ Ամեն օր նամակներ կը ղրկես ինձ իրարու վրա. ես կարդալեն ձանձրացա և դուն գրելե չձանձրացա՞ր տակավին...։

Ի՞նչ ընեմ ես, էրիկդ նախանձոտ է եղեր, դուն շատ աղվոր ես եղեր և այս պատճառավ տուներնուդ մեջ կռիվը պակաս չէ եղեր...:

Ի՞նչ կրնամ ընել ես, ի՞նչ կուգա ձեռքես, թո՛ղ էրիկդ նախանձոտ չըլլար, դուն ալ թո՛ղ շատ աղվոր չըլլայիր ամեն գիշեր կռիվ չընեիք...։

էրկանդ նախանձոտ ըլլալուն համար աղվոր ես, չէ նե աղվոր ըլլալուդ համար էրիկդ նախանձոտ է։ Վերցուր պատճառր, կը վերնա նաև կռիվը:

Լրագրույս մեջ էրկանդ վրայոք քանի մը խոսք ընելու եմ եղեր: Անանկ է յա՛, ճիշտ ժամանակն է, ազգային կենսական խնդիրները մեկդի ձգենք և քու աղվորությանդ ու էրկանդ նախանձոտությանը վրա գրենք...։

Ենթադրենք, թե գրել հանձն առնեմ, բայց ի՞նչ գրեմ։

Ես քու պարկեշտությանդ վրա կասկած չունիմ, ինչպես նաև Էրկանդ նախանձոտ բնավորության վրա. Ի՞նչ ըսեմ էրկանդ, նախանձոտ մըլլա՞ր ըսեմ. անոր նախանձոտ մըլլար ըսելուս՝ քեզի աղվոր մըլլար կ՚ըսեմ։ Աղվոր չըլլալդ քու ձե՞ռքդ է. նախանձոտ չըլլար էրկանդ ձե՞ռքն է:

Լսվա՞ծ բան է, տիկին, որ ամուսնության մեջ նախանձ չըլլա... կինը աղվոր ըլլա նե՝ էրիկը նախանձոտ կըլլա, էրիկը աղվոր ըլլա նե՝ կնիկը նախանձոտ կըլլա, և դուն փառք տալու ես, որ նախանձոտ չես աղվոր ես: