Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնաք ազգականներուդ տունը երթալ մնալ, և աս ալ գաղտնիք մը չէ, որովհետև ամեն մարդ ազատ է իր ազգականին տունը երթալ գալ։

Չգիտեմ օրիորդ, թե ինչո՞ւ ձեր միտքը բացե ի բաց չեք հայտներ և կուզեք, որ մարգարեության պաշտոնով ժամերս վատնեմ։ Կարծեմ օրիորդ, դուք ըսել կուզեք ինչ որ չեք կրնար ըսել և ավելի ճիշտը, լսել կուզեք ինչ որ չեք կրնար ըսել։

Կարծեմ ըսիք և կարծելու իրավունք ունիմ, վասնզի երբ պարոն մը ներկայանա ինձ և իր բարի վարք ունենալը, գործունյա և լեզվագետ ըլլալը հայտնելեն ետքը ինձմե խորհուրդ հարցունե՝ կը հասկնամ, որ գործ մը կը փնտրե, բայց երբ այս պարոնը օրիորդ մը ըլլա՝ կը հասկնամ, որ ամուսին մը կր փնտրե։ Արդյոք ձեր չգտածն, ալ աս է օրիորդ։

Առանց ձեր այոին սպասելու կը պատասխանեմ, որ այդ հանձնարարությունը ամուսնության միջնորդուհյաց ընեիք նե՝ ավելի աղեկ կըլլար. բայց կարծեմ անոնց դիմած ըլլալու եք և ձեռնունայն դառնալեն ետքը վերտին փորձ մալ ընելու համար լրագրի կը դիմեք։

Ի՞նչ խորհուրդ տամ ձեզի օրիորդ, մանավանդ թե դուք խորհուրդ ալ չեք ուզեր, ամուսին կուզեք։

Ծանր է ձեր պահանջը օրիորդ, դարուս երիտասարդները ֆրանսերեն և անգղիերեն գիտնալնուն համար ֆրանսերեն և անգղիերենի պետք չունին։ Դուք, օրիորդ, անոնց ունեցածը ունիք. կելնե ատկից։ Հիմակվան երիտասարդները ամեն բան ունին, միայն ստակ չունին. եկու տես որ անոնց չունեցածը դուք ալ չունիք։ Առանց ստակ ունենալու ամուսին մը առնելու ելնելը՝ առանց ստակի շուկաներու մեջ պարտելով լաթ առնելու ելնել կը նմանի: Ամուսնությունը ասա՞նկ ըլլալու էր պիտի ըսեք հարկավ. բայց ո՞վ կըսե, թե ասանկ ըլլալու էր. ասանկ եղած է կըսենք կոր մենք։

Եվ ո՛վ է ասոր պատճառը օրիորդ, գիտե՞ք, ասոր պատճառը դուք եք։ Ինքզինքնիդ այնչափ պճնասիրության տվիք, որ բոլոր երիտասարդները վախերնուն ետ քաշվեր են, ամուսնութեան բառը լսելնուն պես դող կելլեն ու կը հիվնդնան կոր։ Միայն կարգվելու վախով կը հիվնդնան կոր նե՝ ըսել է որ կարգվելնուն պես պիտի մեռնին։ Ինքզինքնիդ այնչափ նորասիրության տվիք, որ նոր բան մը տեսնելնուդ պես հինը կը ձգեք ու նորը առնել կուզեք կոր և թե որ ձեր ուղածը չառնվի՝ հիվանգ կըլլաք կոր։ Չկարծեք որ սուտ կըսեմ կոր։ Առջի գիշեր բարեկամներես մեկուն հետ տուն մը