Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշ ազգերը անոր ինչ կոշտ տղա է կ՚ըսեն, մենք ալ ինչ համարձակ տղա է կ՛ըսենք։

Թե որ շատ մը տղաքներ հարկի մը ներքև ամեն օր գումարվին, խոսին, խնդան և վազեն, ուրիշ ազգերն այն հարկին զբոսատեղի կ՚ըսեն, մենք այն հարկին դպրոց կ՚ըսենք։

Ուսմունքեն բոլորովին զուրկ և դպրոցներու հառաջադիմության թշնամի մարդոց ուրիշ ազգեր հետադեմ կ՚ըսեն, մենք այդ մարդոց, ի բաց առյալ քանի մը բացառություններ, թաղական կ՚ըսենք:

Թե որ վաթսուն-յոթանասուն անձինք ազգին գործերը տեսնելու համար ժողովրդյան քվեով ընտրվին, յոթը ամիս շարունակ երթանցան առանց գործ մը ընելու, ուրիշ ազգերու մեջ ասոնց դուրս հրամմեցեք կըսեն, մենք ասոնց ամենուն մեկեն ընդհանուր ժողով կսենք։

Թե որ ժողովուրդ մը իր ազգային մեկ նշանավոր օրվան հանդեսը կատարելու համար ասդին անդին ցրվի անանկ որ մեկ մասը Հյունքյար-Իսկելեսի, մեկ մասը Սարըյար, մեկ մասն ալ Սիլիվրի երթա, աս ինչ անմիաթան ազդ է կըսվի, մեր մեջ այս ազգին հայ կըսվի:

Տեսած թերությունները ի սեր ազգին արձակ համարձակ ծաղրող թերթին ուրիշ ազգերը ինչ որ ուզեն թող ան ըսեն, մեր մեջ անոր Մեղու կ՚ըսեն։

Թե որ մեկը իր բարեկամները դաշտ մը հրավիրե և անոնց (իրենց ստակովը) ուտել խմել տա, չգիտենք ի՞նչ կըսեն ասոր օտարազգիք, մեր մեջ ասոր ազգին խիստ փոքր մասը տարեդարձիկ ըսել կ՚ուզե, և խիստ մեծ մասը հացկերույթ կ՛ըսե կ՛անցնի։

Իրենց օրական ապրուստը ճարելու համար գիշեր ցերեկ մեկ ընող ասդին, անդին վազող մարդոց ուրիշ ազգերը խեղճ կ՚ըսեն, մենք այս խեղճերուն, մեկ երկու բացառությամբ խմբագիր կ՚ըսենք:

Թե որ հարուստ մը խել մը անիմաստ խոսքեր ընե և մտիկ ընողներուն ձանձրույթ տա, ինչ պերճաոս է կըսվի. թե որ աղքատ մը երկու իմաստալից խոսք ընե, ինչ անտանելի է կ՝ըսվի դարձյալ թե որ հարուստ մը փոխանակ առջև նայելու, աղջիկ տեսնելու համար պատուհաններուն նայի և իյնա, դիպվածով ինկավ կըսվի թե որ աղքատն մտատանջությամբ դիպվածով իյնա գինով է կըսվի կըսեն։