Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՍ ՄԸ

Ո՜վ երիտասարդներ, դուք որ փեսա ըլլալու հանդերձյալ եք սա պատմությունս չկարդացած չըլլա որ կարգվելու ելնեք։

Երիտասարդին մեկը աղջկան մը հետ կը նշանվի։ Անցյալ շաբթու պսակվելու համար երկուքը մեկտեղ կառքը նստած եկեղեցի կերթան։ Հարսը կառքեն վար իջած ատեն դիպվածով շրջազգեստը կը պատռե։ Շրջազգեստին պատռիլը փեսային դպչելով՝ քանի մը խոսք կընե հարսին, թե ինչո՜ւ ուշադրությամբ չիջավ և շրջազգեստը պատռեց։ Հարսը չպատասխաներ, և ձեռքն յուր նշանածին տալով երկուքը մեկեն եկեղեցի կերթան։

Պսակի խորհուրդի ատեն, ինչպես որ օրեն է, քահանան երկուքին ալ կը հարցնե, թե ամեն թշվառությանց մեջ իրարու հետ սիրով պիտի ապրի՞ն և այլն։

Փեսան իրեն ուղղյալ հարցումներուն «ա՛յո» ով կը պատասխանե, իսկ հարսը «ո՛չ»ով։

— Ինչո՞ւ համար «ոչ» կ՚ըսես, կը հարցունե քահանան հարսին, իրեն հնազանդ չպիտի՞ ըլլաս։

— Ոչ կը պատասխանե հարսը։

— Ինչո՞ւ։

— Որովհետև դեռ չկարգված շրջազգեստս քիչ մը պատռեցի տեյի, ինչո՞ւ համար ուշադրություն չես ըներ ըսավ, եթե, Աստված չընե, յուր բանթալոնը պատռեի, արդյոք ինչեր չպիտի ըսեր։ Ես՛ ասանկ էրիկ չեմ ուզեր. ես անանկ էրիկ մը կ՚ուզեմ, որ շրջազգեստս պատռեմ նե՝ կըսե ինձի, թե ինչո՜ւ ուշադրություն չըրիր, այլ ըսե, թե հոգ մ՚ըներ, ես վաղը նորը կառնեմ քեզի:

Հարսը աս կ'ըսե կ՛առնե կը քալե։

Փեսան քահանային՝ քահանան փեսային երեսը կը նային ու ապշած կը մնան։

Իմացա՞ք հիմա, երիտասարդներ, եթե նշանածնիդ դիպվածով մը բան մը պատռե՝ չըլլա որ ըսեք թե ինչու պատռեցիր. այլ պատմած ըլլալուն համար շնորհակալություննիդ հայտնեցեք, որ կարենաք հետը սիրով վարվիլ։