Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե որ տղա մը մեկ կողմը ցավ մը զգա և օրորոցին մեջ ասդին, անդին շարժելով լա, պոռա, լուսավորյալ մայրերը մի լար զավակս կ՚ըսեն, մեր մեջ աս տղուն պապանձե, գետնին տակը անցիր կըսեն։

Թե որ տնանկ աղքատ մը ձեռքը բանալով ողորմություն ուղե, օտարազգիք անոր կորիր կ՚ըսեն, մենք այն աղքատներուն թարխ եկար կ՚ըսենք։

Թե որ խելքը գլուխը պատանի մը կարգվիլ ուզե և իրեն ընկեր մը ընտրե՝ այն օրիորդին զիս կը սիրես կըսե. ամուսնությունը չգիտցող պատանի մը իր առնելիք օրիորդին ստակ ունի՞ս կ՛ըսե։

Փողոցները լափելու համար թաղ թաղ պտըտող մարդոց ուրիշ ազգեր դատարկապորտ կըսեն, մենք այս դատարկապորտներուն երկրաչափ կ՚ըսենք:

Օր մը գլխու ցավ ունենալ, օր մը ստամոքսի ցավ զգալ, օր մը հարբուխ, օր մը տենդ ունենալ, վերջապես միշտ վրայեն ցավն անպակաս եղող էակին մարդ կ՚ըսենք, փիլիսոփան այս մարդոց գնայուն հիվանդանոց կ՚ըսե:

Թե որ մեկը ծանր հիվանդ ըլլա, և սկսի կամաց կամաց ո՛չ մարդ ճանչել, ո՛չ խոսիլ, ո՛չ տեսնել, ո՛չ լսել, ո՛չ ուտել, ո՛չ խմել, բժիշկները այս հիվանդության եռավ կ՚ըսեն, կատակերգակ մը այս հիվանդության շնչո պակսություն կ՚ըսե։

Արեւելքը առջին իյնա նե արևմուտքին որ կողմ իյնալը չգիտցողին ուրկից գալը և ուր երթալը չիյտեր կորովի. մեր մեջ ասոնց քաջ նավապետ կըսվի:

Աքցանով մը բան մը բռնելուն պես առանց առջին ետին նայելու շուտով քաշողին և բրցնողին պայտար կ՚ըսեն, մեր մեջ ասոնց ատամնահան կըսվի։

Բոլոր օր սրճարաններու մեջ նստող և անդիեն, ասդիեն դատաստանական քանի մը բան սորվելով, երբեմն անոր, ասոր դատը կորսնցնողներուն իմաստակ կըսվի. մեր մեջ ասոնց փաստաբան կըսվի։

Թե որ թերթ մը իրեն դեմ եղած գրությունները հերքելու տեղ դիմացինը թշնամանե և նախատե, ուրիշ ազգերու մեջ ասոր հայհոյել կըսվի մեր մեջ աս հայհոյելուն պատասխանել կըսվի: