Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միտքս սխալ չհասկցվի, այս խոսքերն ընելով ըսել չեմ ուզեր, թե կինդ ուրիշ մը սիրելու իրավունք ունի, քավ լիցի, չըլլա որ կինդ այս խոսքերս լսելով, քաջալերվի և քանի մը հոգի ավելի սիրե, և ես ալ, վիշտերդ թեթևցնել ուզած ատենս զանոնք ավելցնելու պատճառ ըլլամ, ըսել չեմ ուզեր, թե կինդ քեզի պատիժ մը տալու համար ոճիր մը գործե և իր ոճիրն քեզի պատիժ տնօրինե, բայց, ըսե ինձի, ամուսնությանդ պայմանագրության մեջ կա՞ հոդված մը, որ տրամադրե, թե դուն ուրիշ կնկան մը վրա ուշք տնկած ժամանակդ կինդ ուրիշ մը չսիրե։

Թերևս ըսես ինձի, թե դուն ուրիշին աչք չունիս, թե կնկանդ համար կը խենթենաս կոր, բայց ինքն ալ ուրիշի մը համար կը խենթենա կոր։

Աղեկ, կնկանդ ուրիշի մը համար խենթենալուն համար պետք է, որ դո՞ւն ալ խենթենաս, խելքդ գլուխդ ժողվե, ամուսնությունը հիմարանոց չէ։ Ամուսնանալը հիմարանոցի դռնեն իմաստության սենյակը մտնել ըսել է, մտած ժամանակդ հիմարություն մը ըրեր ես, ներս եղած ժամանակդ պետք է որ խոհեմություն ընես։ Երբեք չվայլեր քեզի, որ մտած ելած տունդ, նստած ելած տեղդ, փողոցի մեջ, սրճարաններու մեջ կինդ բամբասես։ Եթե իր անհավատարմությունը ստուգած ես՝ կը խրատեմ քեզ, որ բերանդ ժողվես և բաժնվելու համար պետք եղած ատյանը դիմես: Աս է իմ խրատս:

Թերևս ըսես, թե ես բաժնվիլ չեմ ուզեր. բայց կը ցավիմ, որ զինքը բուռն սիրով սիրելես ետքը ինքը ինչո՞ւ զիս չսիրեր կոր:

Ես ալ կը հարցնեմ, որ անիկա քեզի չսիրելեն ետքը դուն ինչո՞ւ զինքը կը սիրես կոր։ Ինչ պիտի պատասխանես ասոր։ Ո՞չինչ։ Անանկ է նե՝ ինչ կուզես որ պատասխանեմ քեզի։ Եթե մեր ամեն սիրածւ մեզի սիրելու ըլլար, այսօր ամենքիս ալ մեյմեկ թագավոր, մեյմեկ աստվածներ կըլլայինք:

Մեյմեկ աստվածներ կըլլայինք, բայց երջանիկ չէինք կրնար ըլլալ անոնց պես, որովհետև սիրո անուշությունը մեզի սիրածը մեր չսիրելուն և մեզի սիրողը մեր չսիրելուն մեջն է; Եթե մարդս ուզածը կարենար սիրել և անկե սիրվիլ, եթե կնիկ մը ուզածը սիրեր և ուզախեն կարենար սիրվիլ, մեկ մարդ մը բյուրավոր կնիկներ պիտի սիրեր, ինչպես նաև կնիկ մը բյուրավոր մարդիկ պիտի սիրեր. այն ատեն նախանձը պիտի հեռանար, սերը պիտի մարեր և անհամ բան մը պիտի ըլլար:

Ահավասիկ, բարեկամ, պարապ տեղը մի՛ կոծիր ըսելով, թե իմ սիրածս զիս ինչո՞ւ չսիրեր. ասանկ խոսք մը պարզապես խեն-