Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


թություն է, և ես խենթություն մտիկ ընելու ժամանակ չունիմ։ Իմ ըսելիքս վերը ըսի։ Դուք այնպես կարծեր եք, որ իրարու հետ ամուսնանալով երջանիկ պիտի ըլլաք, ես ալ այնպես կը կարծեմ, որ իրարմե բաժնվելով երջանիկ պիտի ըլլաք։ Չեմ ուզեր ավելի խոսիլ. չեմ ուզեր ավելի մտիկ ընել զքեզ, ուզածդ ազատ ես ընելու։

Հաճեցեք ընդունիլ իմ խրատներս
Որով մնամ
Մեղու


Աղա՛ Քեզմե աղեկը չկա, ինքզինքդ բարեպաշտ, dամասեր ցցուցեր ես անգամ մը և հիմա ուզածդ կընես կոր։ Ապրի՛ս, տասնևիններորդ դարու մարդ ես։ Ամեն առտու եկեղեցի կերթաս, ձեռքդ գանձանակին կերկնցնես — չիյտեմ որ անկեց բա՞ն մը կը վերցունես չէ նե՝ բան մը կը ձգես հոն — տաճարեն ներս մտնելուդ պես գլուխդ կը բանաս, անդադար կը խաչակնքես ու երկրպագություն կընես։ Քովդ եղողները աս կը տեսնեն և կըսեն... աղայի պես բարեպաշտ մարդ չկա։

Հացագործը ամսու գլխուն տունդ ափ կառնե ու ստակ կուզե։ Նկանակն երեք ղուրուշեն սակարկություն կընես ու վաթսուն փարայեն տալ կուզես և թե որ հացագործը աս չընդունի, կերած հացդ բոլորովին կուրանաս, եթե հացագործը սկսի պոռալ և պահանջքն ուզել գլուխդ պատուհանեն դուրս կը հանես ու բարձրաձայն կը պոռաս «Ո՞վ ես եղեր դուն, որ դռանս առջևը ասանկ կը պոռաս կոր, ես քեզի պես հարյուր աղքատ կը նայիմ էշ, ինձի պես մարդ մը, որ առտու իրիկուն եկեղեցիեն դուրս չելներ, որ կը խաչակնքե և կերկրպագե, քու ստակի՞դ աչք պիտի տնկե, կորսվե սըկեց»։ Թե որ հացագործը դարձյալ ընդդիմանա՝ ոստիկանության կը հանձնես և երբ պատճառը հարցվի՝ կըսես. «Առնելիք ունիմ չտար կոր, չտալեն ետքը զիս ալ բարկացուր և ես ալ անոր համար զինքը բանտը դնել տվի, բայց սիրտս չդիմանար կոր, երթամ հանել տամ։ Այսու ամենայնիվ չեք գիտեր, որչափ գեշ մարդ է, բանտարկությանը պատճառը հարցնես նե իրեն, աղայեն առնելիք ունիմ, անոր համար բանտը դնել տվավ զիս կըսե. ո՞վ կը հավատա ասոր, մեկը առնելիք ունենա նե՝ բանտ կերթա՞, պարտք ունեցողները բանտը կերթան։ Աս խոսքերը ընելեդ ետքը քովդ գտնվողներուն կըսես, որ բանտը գացեք ու իրեն ըսեք, թե ձեր բարեխոսությամբը զինքը բանտեն կը հանեմ կոր։