Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեղ մը հյուր երթալու ըլլաս նե՝ սենյակին մեջ աչքի զարնող բան մը գտնես նե՝ կառնես գրպանդ կը նետես. դռնեն դուրս ելած ժամանակդ հին կոշիկներդ ըր ձգես և ուրիշին նորերը կը հագնիս տուն կերթաս։ Եվ երբ պատուհանեն կը տեսնես, որ քու կոշիկներդ կը բերեն կոր, շուտ մը կը պոռաս. «Ծո՜ Կարապետ, առջի օրը... աղային տունը սխալ հագեր եմ կոշիկները, ա՛ռ սըվոնք տա՛ր տե իմիններս ուզե՛»։

...Աղա, քու ըրածներդ գրելու ըլլամ նե՝ հատորներ կը լենան: Հիմակուհիմա այս նամակովս գոհ եղիր և ընթացքդ ուղղե՛, որովհետև անգամ մը ինչ ըլլալդ ճանչցվի նե վերջեն չես կրնար ապրիլ։

Ուղղե վարքդ, որպեսզի օր մր կարենամ ըսել.

...աղայիդ կենացն աղոթող
Մեղու


Տիկի՛ն

Ատանկ գլուխս ծռած, առջևս նայելով քալելուս մի նայիր, ես մարդը օձի պես կը խայթեմ, հերիք խոսեցար, հերիք լռեցի:

Չե՞ս խպնիր դուն կնիկ, տուն չունի՞ս դուն, որ ամեն օր առտվնե մինչև իրիկուն փողոցներուն մեջ կը պտըտիս, մեկ տունեն կելնես մյուսը կը մտնես. մտած տունիդ մեջ տեսածներդ ելած տունիդ մեջ կը բամբասես ու ելած տունիդ մեջ լսածներդ մտնելիք տունիդ մեջ կը բամբասես։ Տունդ գործ չունի՞ս դուն, քու գործդ աս ու ան բամբասել է։

Ինչո՞ւդ պետք քուկին, տիկին, թե այս ինչ տիկինը երեսը ճերմակ կը քսե եղեր, թե այն ինչ օրիորդը կարմիր կը քսե եղեր, թե այն ինչ երիտասարդը մազխիլ կը գործածե եղեր, թե այն ինչ օրիորդր պատուհանը նստած դիմացի երիտասարդին հետ սիրահարություն կ՝ընե եղեր, թե այն ինչ մարդը թաղական շեղած ստակ մը չունի և հիմա ունի եղեր, ինչո՞ւդ պետք քուկին ասոնք, տիկի՛ն, Մեղո՞ւ ես դուն:

Լսածիս նայելով տիկին, դուն անցյայները ընտանիքի մը մեջ զիս ալ բամբասեր ես, պաղ զավկին մեկն ալ ան է ըսեր ես։

Կրնա՞ս, տիկի՛ն, ապա ցուցանել իմ պաղ զավակ ըլլալս։ Եթե չես կրնար ետ առ այդ խոսքդ. զիս ուր բամբասեցիր նե հոն գնա, և զիս բամբասած ատենդ քանի հոգի կային նե, ամենն ալ հոն բերել տուր և անոնց առջեր ըսե, որ տաք զավկին մեկն ալ ան է։ Պատիվ կը պահանջես, ինձի պաղ զավակ ըսողը պարտավոր է վար-