Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր սիրուհվույն գեղեցիկ աչքերուն համար մեծամեծ զոհողություններ ընել պարտական է, եթե մինչև անգամ կյանքն ալ վրա տալ հարկ ըլլա, այս մասին վարանելն անգամ ներելի չէ. այսպես կը վճռե անոնց անողոք օրենքը։

Մենք կուզենք, որ այս արարածները մեր լուծին տակ առնենք ու մեզ գերի ընենք, բայց եկուր տես որ առաջուց ի վեր անոնք ալ նույն խելքին վրա են և խոսքը մեջերնիս, մինչև այսօր անոնք զմեզ իրենց գերին ըրած են։

Արդարև աշխարհս թատրոնմ է, ես ալ որ անարժանությամբ հուշարար եմ, կը տեսնեմ որ այս թատրոնին ամենեն հաջողակ դերասանները կիներն են, երբ թատերաբեմին վրա կելնեն իրենց մասը արական սեռեն ավելի ճարպիկությամբ ու նրբամտությամբ կը կատարեն։ Օրինակի համար (ոչ թե ուրիշ բանի) տունին բարձերը խըչլըխ կամ սեմեր ընող ու ծռելով քայլող կիները ուղտի կը նմանցնեմ. բարձր ներբանով (էոքճե) սքարբին կամ պոթին հագնող օրիորդները, մանավանդ եթե հասակնին քիչ մալ երկայն կըլլա, ճիշտ ընձուղտի (զյուրաֆե) դեր կը կատարեն։

Երբ գլխունուն վրա շինեոնե երկայն կայմ մը կը բարձրացունեն, որուն գագաթը նեղ գունավոր դրոշակ մ՚ալ կը ծածանի, և այնպես հրապարակ կուգան, կարծես ցամաքի վրա պտույտ ընող նավեր են։ Երբ խորդ ու բորդ, այսինքն կուրծքերնին դուրս ցցված, կռնակնին ներս մտած, մեկ կողմերնին սանկ, մյուսը նանկ կը քայլեն, կըսեմ, «Ալիքներ են, որ մարդ պիտի ընկղմեն»։ Երբ ճերմակ կը քսվին, ու մեռելատիպ գույն մը կառնեն, կըսեմ, «Կորուստնին մոտալուտ է»։ Երբ կուրծքերնին... երբ ձեռքերնին... երբ պեխ մորուք... երբ... ալ մի խոսեցներ զիս, ընթերցո՜ղ, թո՜ղ որ կարճ կապեմ։

Բայց երբ զատկական հավկիթի պես երեսնին կարմիր կը ներկեն և թափանցիկ սև քողով մը դեմքերնին կը պահեն, կըսեմ, «է՞հ, քիչ մալ կամչնան կոր, կիմանան կոր իրենց հիմարությունը, թեթև զղջում մէ աս». թեպետև ավելի աղեկ կըլլար թե որ այդ սև քողով թևերնին ու կուրծքերնին ծածկեին։