Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱԶՎԱԳՅՈԻՏ ԲԱՆԵՐ

Օրիորդ մը, որուն երեսին վրա քիչ մը սև ըլլա։

Շոգենավ մը, որ իրմե գոհ հաճախորդ մը ունենա։

Ընդհանուր ժողով մը, որ Պատրիարքի խնդրեն զատ ուրիշ խնդիր մը լուծե։

Ազգային դպրոց մը, որ բարեկարգ վիճակ մը ունենա։

Թաղ մը, որ խռովութենե ազատ ըլլա։

Պատրիարք մը, որ ամենուն սիրելի եղած ըլլա։

Մարդ մը, որ իր հակառակորդին մեկ աղեկությունը խոստովանի։

Շողոքորթ մը, որ իր տիրոջ ամենեն փոքրիկ պակասությունը տեսնե։

Հայ եկեղեցի մը, որ վերջին 10 — 20 տարիներուն մեջ շինված ըլլա։

Խմբագիր մը, որ ազատասեր, ճշմարտախոս, ազգասեր ու անշահասեր չըլլա։

Սիրտ մը, որ փառասիրություն չի տածե։

Մուրացկան մը, որ հացի մը ստակ մինակ ճարելով գոհ ըլլա։

Պաշտոնյա մը, որ պաշտոն հասած ատեն մեծ բաներ չխոստանա:

Բժիշկ մը, որ մեկ անգամ միայն գալով հիվանդ մը բժշկած ըլլա։

Մարդ մը, որ ներկայեն դժգոհ չըլլա։

Կին մը, որ իրեն ճիշտ տարիքը գիտնա։

Օրիորդ մը, որ կարճ օրը հարյուր անգամ հայելիին այցելություն ըրած չըլլա։

Հիմար մը, որ ուրիշի խրատ տալե ետ կենա:

Գինով մը, որ իր գինովությունը խոստովանի։