Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԸՉԼԸԽԻՆ ՓՈՐՁԱՆՔԸ

Զարմանալի եղելություն մը պատմե՞մ քեզի, տիկին ընթերցող:

Ականջդ ինձի տուր ուրեմն (օղերդ տաս ավելի աղեկ կընես):

Անցյալ օր կնկանը մեկը երեխան գիրկը առած Վալաթիայեն անցնելու ատենը, սատանան բան չունի յա, խըչլըխը կամաց մը կը փրթի վար կիյնա, և անանկ մը կիյնա որ կնոջ ոտքին ալ պլլվելով, խեղճը երեսի վրա կը փռվի երեխայով մեկտեղ:

Կանանց համար իյնալը հոգ չէ, մեկ կողմերնին վնասվի նե, ան ալ հոգ չեն ըներ, բայց անանկ էրիկ մարդոց անցու դարձի ճամբուն վրա իյնալը և քիչ մալ ծաղր ըլլալը բնականաբար կլլվելու բան չըլլալով, մեր պատմած կինն ալ բավական կամչնա, կաս կարմիր կը կտրի, բայց խնդիրը հոս չէ։

Խնդրույն զարմանալի և թերևս անհավատալի կողմը սա է, որ կինը չվարած՝ երախան առնելու տեղ, խըչլըխը կը գրկե կը տաննի, առանց ետին անգամ նայելու։

Չգիտենք, թե կինը վերջեն ետ դառնալով երախան առնելու եկե՞ր է. այս կետը մութ է մեզի համար, բայց սա ստույգ է, թե կիներ կան որոնք ավելի կը սիրեն իրենց երախայեն բաժնվիլ քան թե խըչլըխեն։

Շատեր ալ կան, որք իրենց խըչլըխեն չի բաժնվելու համար, էրիկներնեն կը բաժնվին։

Կանա՛յք, խըչլըխնիդ ամուր կապեցեք, չըլլա որ բրթի։