Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐԳՎԻՆՔ Թե Չէ

Ահավասիկ երիտասարդության խնդրոց կարգին մեջ անցած խնդիր մը՝ որ Իզմիրի խնդրույն պես յուր լուծմանը կսպասե:

Երիտասարդության ժողովին մեջ ալ երկու կուսակցություն կա՝ աջակողմյան և ձախակողմյան։

Արական սեռն աջակողմյան է, իգական սեռը ձախակողմյան։ Չկարծվի թե Պեկյան էֆենտիին ձախակողմյան ըլլալուն համար գեղեցիկ սեռն ձախակողմյան անվանած ենք։

Այս երկու կուսակցությունները մինչև այսօր չեն կրցած համաձայնիլ այս խնդրույն վրա։ Աջակողմյանք չկարգվինք կըսեն, ձախակողմյանք կարգվինք կը պոռան, և այս պատճառավ խնդիրը խնդրոց կարգին մեջ կը բանտարկվի։

Եվ սակայն ասանկ փափուկ խնդիր մը մեկեն ի մեկ լուծելն ալ դյուրին չէ, որովհետև շատ մը իմաստուն մարդոց կարծիքներն ալ իրարու հակառակ են այս մասին, ասոնցմե մին կըսե թե՝ կինը մահվնե դառն է. անդիեն ուրիշ մը կը պնդե թե՝ կինը տիեզերքին գլուխ գործոցն է. ուրիշ մալ կըսե թե ամուսնացողն ապաշխարության ճամբան կը մտնե, ուրիշ մալ կըսե թե... բայց ինչե՞ր չեն ըսեր կանանց վրայոք։

Մարդս այս իրարու հակառակ կարծաց առջև կը շվարի կը մնա, և եթե կարգված չէ՝ ուխտ կընե չկարգվելու, և եթե կարգված է՝ կորոշե կնիկեն բաժնվելու... բայց կնիկը բարի և առաքինի մեկն է եղեր, որո՞ւ հոգ, մարդը անգամ մը համոզվեր է որ կարգվիլը աղեկ բան չէ, ալ կնկանը աղեկ ըլլալուն կը համոզվի։

Եկու տես որ ամուրի կենաց սկսելուն պես ամուսնության վրա որչափ բան լսած էր նե՝ ամուրիության վրա ալ նույնչափ բան կը լսե, որովհետև եթե ամուսնության դեմ խոսողներ կան, ամուրիության ալ ի նպաստ խոսողներ չկան։