Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱԳԻՐ

Մենք ստորագրյալ համայն մեռյալ օրիորդաց և նոր ամուսնացյալ կանանց մազերս կը բողոքեմք հանուն օրինաց արդի օրիորդաց, կանանց և մանավանդ պառավանց դեմ՝ որք իրենց տգեղությունը ծածկելու մտոք մեր տիրուհյաց մեռնելու կսպասեն անհամբեր, որպեսզի անմիջապես զմեզ իրենց գլուխներեն հափշտակեն և որպես զխըդըխս բարձեր շինելով իրենց գլխունուն վրա պատերազմական բերդեր և պատշգամներ շինեն։ Տեր իմ, ալ այսչափ անգթություն կըլլա, մեր տիրուհյաց ողջությանը մեր քաշածները բավ չէին, հիմա ալ մինչդեռ կակուղ հողին տակ քիչ մը պիտի հանգչէինք, ասոնց ձեռքով չարչարվինք։ Մենք թշվառ մազերս ամենեն ավելի հանցանքը ձերը կը գտնանք, որ այս բանին վրա չուզելով խոսիլ, ազատություն տվիք անողորմ օրիորդաց մինչև անգամ մեջքերնին կոտրած (թեև հիմա օրիորդաց ալ մեջքը կոտրած է յա), գավազանով անգամ պտըտելու կարողություն չունեցող խայտառակ պառավանց, որք մեր տիրուհյաց գլխուն վրա հազար տեսակ անուշահոտ յուղերով օծված, այնչափ խնամով նայված մազերս՝ իրենց ձերլաց մեջ խաղալիք ընեն։

Տեր իմ, աշխարհիս առջև ծաղու նյութ ըրեր են զմեզ, բայց արդյոք իրենք ի՞նչ կը շահին, ամոթ չէ որ իրենց անդին օրերը այս տեսակ փուճ և անօգուտ ցաներով կանցնեն, ահավասիկ թող մեր տիրուհիները իրենց օրինակ առնեն, անոնք ալ առանց ուրիշ օգտակար բանի մր աշխատելու առտուն կելնեին հայելիին առջև կը կանգնեին և մեկ քանի օխտ հազարումեկ տեսակ մազեր՝ որոնց մեջ անշուշտ հիվանդ, տկար և ախտավոր կանանց մազերն ալ կը գտնվին, առջևնին կը դիզեին, մեկ կողմեն կը կլորեին և մյուս կողմեն իրենց մազերուն, այսինքն մեր տակը կը զետեղեին մինչև կանգունուկեսի բարձրությամբ կելնեին և եթե քիչ մը մազերնին պակսեր հառաչանքներով տունը կը թնդացնեին, ասդին անդին կը