Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈԻՍՅԱԼ ԱՂՋԿԱ ՄԸ ԵՎ ՏԳԵՏ ՄՈՐ ՄԸ ԲԱՆԱԿՌԻՎԸ

— Մայրիկ, այսօր սիրտս սաստիկ նեղության մը մեջ է։

— Ինչ կուզես, աղջիկս։

— Ի՞նչ, այս ամեն օր տունը նստելով ալ ժանգոտեցանք, քիչ մը շայըր երթանք նե շըլլա՞ր։

— Մեղա՜, բանի գործի օր չայըրը ի՞նչ կա աղջիկս, կիրակի օր կերթանք։

— Չէ՛, պետք է որ անպատճառ այսօր երթանք, բազմությունը ի՞նչ պիտի ընենք, ավելի աղեկ մենք մեզի ժամանակ կ՝անցնենք, անդիիններն ալ պիտի երթան եղեր, Երվանդիկնին եկած ըլլալուն։

— Քա աղջիկ, Երվանդիկ, Երվանդիկ կըսես, գիտեմ որ քու սիրտդ բան մը չկա ամմա, հալխը ի՞նչ կը զուրցեն։

— Ի՞նչ զարմանալի խոսքեր կընես, մայրիկ, հալխ ըսածդ իմ ազատությունս կրնա՞ բռնաբարել, իմ կամքս կրնա՞ շղթայել, անոնք քու աչքիդ շյուղը բամբասած ատեննին միթե՞ դու ալ անոնց գերանները չե՞ս կրնար ցուցնել։

— Կը ցուցնեմ աղջիկս, կը ցուցնեմ ամա, անոնք աչվընին կը գոցեն չտեսնելու համար, ֆախադ բերանին ալ չեմ կրնար գոցել յա՛:

— Անոնց բերանը չկրնաս գոցել նե քու ականջնե՞րդ ալ չես կրնար գոցել և միթե պատվավոր երիտասարդի մը հետ հարաբերություն ունենալս հանցա՞նք է, մայրի՛կ, ձգե այդ հին գլուխներու փթտած գաղափարները, ինչո՞ւ ազատ չըլլամ ես իմ գաղափարներուս համամիտ եղող, իմ սրտիս հետ խոսող, զիս պատվող ու պաշտող երիտասարդի մը հետ պատվավոր մտերմություն մը հաստատել։

— Լեզուդ սիրեմ աղջիկս, քա իրավ դպրատունը ի՞նչ աղեկ բան է եղեր, ամա աճապա գեշ լախըբտըներ ալ կ՚ընես կոր, չեմ հասկնար յա՛։