Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չէ, գեշ լախըրտըն ինչ է, սիրվելու արժանի անձ մէ և ես ալ կը սիրեմ, դեռ կենաց ճաշակը հազիվ առած էի, ես զայն տեսա, սիրտս անոր սրտին հետ խիստ սերտ կապով մը կապվեցավ, որ և ոչ մի ձեռք, որչափ ալ հզոր լինի, չպիտի կրնա զայն խզել։

— Քա՛, ախջիկ, բան մը կը լղըրտաս կոր ամմա կիտես օր ես չեմ հասկնար, սա մերամդ ինչ է նե տյուզ ան ըսե ինձ։

— Մերամս ինչ պիտի ըլլա, ես բարոյականության դեմ բնավ բան մը գործած չեմ, միայն թե իմ ապագա երջանկությունս ես իմ ձեռքովս գտնել ուզեցի, իմ ընտրությանս մեջ ազատ ըլլալ ուզեցի, գտա և ընտրեցի ես իմ երջանկությունս հայթայթելու կարող մի անձ, և չեմ կարծեր որ դուր ալ բռնաբարելու միտում մունենաք իմ ազատ կամացս ազատ ընտրությունը, ուստի, բացե ի բաց ահա կըսեմ ձեզ, թե ես զայն պիտի առնեմ, նա իմ տերս և ես ալ անոր սիրելի կինը պիտի ըլլամ։

— Հե՞, ինչ ըսիր... քա՞, ամա միտքես անցավ քի քու լեզվիդ տակ պան մը կա, քա յանի հարդ իմանա չիկա բեստիլ կրնե քեզ, վայն ի վրաս, ես ալ խնդացի քի ախջիկս սանկ կիտուն է, նանկ խելացի է տեյի հեմեն ինչ ըսեմ, իճատ ընողին ճիտը տակը մնա ադ տպրատուն է ինչ խառախուռա է, զահեր ադ կրապար պաները սորվեցաք քի մեր աստար տարվան նամուսը մեկ ըստակի ընեք տեյի. իրարու հետ ադ պաները կը խորաթեիք հա՛, ես ալ շաշխըն շաշխըն մտիկ կընեի. տո՜ւն ախջիկ տղա, ելլես ինքիրենդ էրիկ կտնես, վույ քար պերնիս, խասխատի եղեիր տե նստե վար, ալեմին առջին րեզիլ պետնամ պիտի ընես մեզ, հա՛, ես ան չափխընին ալ ոտքը կը կոտրեմ, հատտ ունի նե թող մեյ մալ հոս կա... ստվոնց նայե հելե։

— Մայրիկ, խենդեցա՞ր, ինչ եղար, ինչո՛ւ կ՛ուզեր բռնություն բանեցնել այնպիսի սրտի մը վրա, որ յուր ընտրութենե հանհունս գոհ է, միթե դո՞ւք պիտի գտնեիք ինձ արժանավոր ամուսին մը և ո՞վ, գուցե տգետ ու անմիտ երիտասարդ մը, որ զգացման ազնվության վրա բնավ գաղափար չունի, որ չգիտեր, թե կինն ալ ընկերականության մեջ իր հավասար մեկ անդամն է, այս տեսակներեն չէր միթե ձեր գտնելիքը, մայրիկ, գիտցած եղեք, որ ես իմ ազատությունս պաշտպանելու համար մահն անգամ աչքս առած եմ։

— Կիտի ութտնմազներ, հիմա ճղակոտոր կը հանեմ հա՛ քեզ, քա մարդ մը չկա սրվոր հորը խապար մը տանի քի, կա թեմիդ մը հախտինը տնե, երկու աչվընիդ քեոռնա քա, տամլայի պիտի պերեք իս։