Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿԱՂԱՆԴԸ ԿՈԻԳԱ ԿՈՐ

— Ատ ի՞նչ է, պիտի ըսեն հիմա անշուշտ ընթերցողը, քեզ հյուրընկալող թերթիդ պարտքը մեզ զվարճացնել չէ՞ միթե. քեզ կը վայլե՞ ատանկ լուր մը տալ, որ ամենուս սիրտը թունդ հանեց։

— Չէ՛, սիրելի ընթերցողներ, քիչ մը սիրտերնիդ ամուր բռնեցեք, այդչափ երկչոտ ըլլալն ալ ստակ մը չըներ, մեղք որ Թատրոն կը կարդաք կոր, իրավ, ես իմ սրտես ավելի ձեր սիրտը կուզեմ որ թունտ չելնե և անոր համար միշտ Թատրոնին կաղաչեի որ ձեզ <զվարճաընելու բաներ գրե, բայց ի՛նչ մեղքս պահեմ այս օրերս անոր սիրտն ալ շատ կոտրած է> տեսա որ երեսը չխնդար կոր և ասոր ալ պատճառը դուք եք եղեր, աս ալ ձեզի կը վայլե՞ մի, հիմա ան ալ ձեզ տրտմեցնելու իրավունք ունի յա՛... չէ՛, չէ՛, սիրելի ընթերցողներ, չըլլա որ իրավի տանիք, ըրածս կատակ մ՝է, ան դարձյալ իր ամենանեղ օրերուն մեջ անգամ ձեզ զվարճացնելու նյութեր կը գտնե, դուք հոգ մընեք... այսօր քիչ մը ինձի մտիկ աղբարիկին համար եղած պատրաստությունները և անոր պատճառած մտմտուքները պիտի նկարագրեմ։

Նախ, վարժապետներեն սկսինք — այս շաբաթ աշակերտաց բացարձակ ազատության շաբաթն է, ինչ որ ուզեն կրնան ընել, կը պոռան, կը ցատկեն, կր կովին, վարժապետներուն փույթր չէ, զի ամենամեծ զբաղման մեջ են, ամբողջ տարին ծակ եղած գրպաններնին կարկտելով կզբաղին, և տղայոց երեսը միշտ ժպտելով կը նային, որպեսզի տղան գիշերը երթա ըսե հորը.

— Հայրի՛կ, վարժապետս զիս շատ կը սիրե կոր, շատ «պախշիշ» կուզեմ որ տանիմ։

Հայրր կսկսի մտածել, զի կը նայի որ գրպանը ուռեցնողը միայն հովն է և կսկսի մտածել թե արդյոք հարուրնոցով մը կրնա գործը լմնցնել։