Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգվույս հատորը

Սրտիս ամբողջը, աչացս լույսը, կենացս ճառագայթը, հոգվույս ջահը, մարմնույս լապտերը, կամացս թագուհին, սիրույս տաճարը, երջանկութեան խորանը, սիրուն հրեշտակս, դու արարածոց չքնաղագույնը, բնության պարծանքն ես, ո՜վ իմ գեղեցկության դիցուհիեն բյուր անգամ առավել գեղեցիկ նազենիս, նոր տարի կը մաղթեմ քեզ, բայց չէ՛, մեկ նոր տարիեն ի՞նչ կելլա, հարյուր նոր տարի ալ մաղթեմ դարձյալ քիչ է, տարիները կրնա՞ն համարձակիլ զքեզ վրդովել, քեզմով է միայն որ բնությունը պիտի պարծի հրաշալիք մը գործած ըլլալուն վրա. ե՞ս, միթե ես չե՞մ պարծիր զքեք սիրած ըլլալուս վրա, ավելի լավ է ինձ աշխարհիս բոլոր գանձերը մերժել եթե ինձ տալու ըլլան (հոգ մներ տվող չկա), քան թե վայրկյան մը քու տեսութենեդ ղրկվիլ. օ՜ք այո՛, այո՛, այդ հրաշագեղ դեմքդ, ձյունափայլ ձեռքերդ, ոսկեթել մազերդ, վառվռուն և հրացայտ աչցերդ, սև բիբերդ, աղեղաձև հոնքերդ, մարգարտե բյուր անգամ սպիտակ ակռաներդ, նուրբ ու բարակ հասակդ, սիրուն ժպիտներդ, սիգաճեմ քալվածքդ (արդյոք ուրիշ ածական մնաց դեռ), սոխակե միլեոն անգամ ավելի քաղցր ձայնդ, հանկուցիչ նայվածքդ, հրապուրիչ խոսվածքդ ամենքն ալ հավիտյան անեղծ պիտի մնան և հավիտյան իմս ըլլալով պիտի մնան, որով ես ալ:

Մնամ
          Քեղ համար հավիտյան
                    Նոր տարիներ մաղթող
                              ամենաբորբոքյալ
                                        սիրահարդ

Է՜յ, ի՞նչ կըսեք, ասիկա ալ քիչ մը քիչ դյուրին գործ չէ հե՞, բայց գոնե ծարը ստակ չկա, մենք ի՞նչ ընենք, որ գիշեր ցորեկ սրիչը ձեռքերնուս չիյնար, ստակ տալե ալ հոգինիս բերաննիս կուգա. ո՞ւր էր սա տպարանապետներն ալ սիրուհիներու դերը կատարեին տե, Թատրոնն ալ յուր բաժանորդներուն և ընթերդողներուն գլուխը հաճախ չցավցներ։