Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՆԱՆՑ ՀԵՏ ՄԻՅՆԱՔ, ՁԵԶ ԿԸԼԼԱՆ ՓՈՐՁԱՆՔ

Սիրելի ընթերցող, եթե ամուսնացած ես, եթե քու կինդ քու կամացդ հակառակ վարմանց մեջ տեսնես, եթե անոր ամեն ըրածն ու խոսածը իր սեռին համար բոլորովին անվայել եղած ըլլան, մտքեդ անգամ չըլլա որ անցունես հա՜, թե զայն ճամբու կը բերեմ և ասոր համար չըլլա որ ելնես հանդիմանես, թշնամանես, և ավելի իրական փորձ մընել ուզելու դիտմամբ զայն ծեծելու ելնես, ասոնց ամենաթեթևն անգամ անանկ խոշոր փորձանք մը կը բերե գլխուդ, որ մտքե անգամ անցնելը խենդություն է կըսեիր թերևս. բայց անանկ չէ, կանանց ամենեն աննշանը ճակատամարտի մեջ դեմդ կեցող, յուր հրացանը կամ սվինը կուրծքիդ ուղղող թշնամիեդ ավելի ահարկու է, ականջնիդ ինձի տվեք, որ բան մը ըսեմ գաղտնի կերպով, կանայք չիմանան հա՜, զիս ալ կախաղան կը հանեն. «Աղոթք ըրեք որ տգիտություն և խելքի կարճություն կա», գուցե հիմա մեջերնիդ հանդուգն մեկը գտնվի ու ըսե.

— է՞յ, մենք էրիկ մարդ ըլլալովնիս հանդերձ, այդ չափ անկարգությանց դեմ բնավ բանվ ընելու ազատ չե՞նք։

— Ո՞վ կ՛ըսե թե ազատ չեք, այո՛, ազատ եք, ոչ թե մեկ բան, այլ քանի մը բան ընելու ազատ եք։

— Որո՞նք են ատոնք։

— Կեցիք որ ըսեմ. կիներնուդ մեկ անվայել ընթացքը կը տեսնեք (արդյոք կանանց մեջ բացառություններ կան, գուցե գտնվին, մանավանդ մեր ազգին մեջ քիչ մալ ավելի, և արդարև մեր այս տեսությունը ընդհանուր կանանց վրա ըրած ատեննիս շատ բարեբախտ եմք, որ եվրոպացի կիներե խիստ չափազանց ազնիվ ձիրքերու տեր կանայք ունինք, որոնց վրա ալ տեսություննիս չպիտի խնայենք հաջորդ հոդվածով մը), կնոջդ մեկ անվայել ընթացքը կը տեսնես ըսի, է՜յ, մարդ ես, մանավանդ էրիկ մարդ ես, զգացում ունիս, այրական պատվասիրությունդ կարթննա, կը բարկանաս, անանկ չէ մի յա՛, կը ցասնուս, այս միջոցին ազատ ես, որչափ որ