Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրնաս, գիտե՞ս ի՛նչի, ակռաներդ կրճտելու. կինդ, որուն աչքին դուն մրջյունի մը չափ չես երևար բնավ, ականջ չկախեր, դուն ալ վա՜յ իմ բարկությունս կարհամարհե կոր ըսելովք երկրորդ անգամ և ավելի ուժով կը բարկանաս, կը նայիս որ արյունդ շրմենտըֆերի արագությամբ շրջան կընե կոր, կզգաս որ դեպի աչքերդ բան մի կելնե կոր, այն ատեն ազատ ես ամենայն զորությամբ լալու, հեծելու, ինքզինքդ վայելու, տեսար, որչափ բաներ ընելու ազատ ես, ասոնց բոլորն ալ ի վնաս քո անձին է, բայց բարկությանդ մեջ փոխանակ ատոնց, եթե ելնես սաստես, թշնամանես և կամ ծեծես, ավելի վնասաբեր կըլլան քեզի, ինչպես որ ըսի, աղոթք ըրեք որ գործին մեջ տգիտություն կա, ապա թե ոչ այդ հիմակու ունեցած քիչ մը ազատություննիդ ալ կաշկանդելով, կստիպեն զձեզ իրենց ամեն ձեր կամաց հակառակ գործերուն վրա ակամա խնդալու (Աստված իմ, ընթերցողներս այդ տեսակ կիներե ազատ պահե), վասնզի եթե չընես, գիտես ինչ կընեն, ահավասիկ հոս է խնդիրը:


Սիրտերնիդ ամուր բռնեցեք. մեջերնիդ վախկոտ կա նե, թող ականջները գոցե, մեծ գաղտնիք մը պիտի տամ ձեզի, կանանց սեռին մեծագույն մասը ամուսնության վրա այնչափ քաղցր զգացում ունի, էրկան վրա այնչափ անհամեմատ սեր ունի, որ եթե ալ անոր հավիտենական հրաժեշտը տալու պետքն զգա, գոնե համադամ կերակրով մը զանի ճամբել կ՛ուզե, մեջը ի՞նչ կը դնե, սիրելի ընթերցող, դեռ ատոր պատասխանելու ժամանակը չեկավ. պատմութենես ամեն բան կը հասկնաք։

Կնոջ մին էրկանը իրեն տված բարի խրատներեն ձանձրացած (գիտեք ա՛, բարի խրատները քիչ մը կծու կ՚ըլլան)։

Դեղագործի մը կերթա ու կըսե.

— Բարև, պարոն դեղագործ, տանս մեջ մուկերը խիստ շատ բազմացած ըլլալով չափազանց անհանգիստ կընեն կոր, կաղաչեմ, ինձի անանկ դեղ մը տայիր, որ ասոնց ամենքն ալ բնաջինջ ըլլային։

Դեղագործը՝ որ կնոջը չափ տխմար չըլլալուն կզգուշանա, այսպիսի անխոհեմութենե մը և ուզելով ստուգել իրողությունը, կնոջ այրը՝ որ իր ալ բարեկամը եղած կըլլա բարեբախտաբար, կը կանչե ու երսե թե իրա՞վ ձեր տունը շատ մուկ կա։

Այրը կը պատասխանե թե բնավ մուկ չկա։

— Է՜յ, հապա կինդ շատ անհանգիստ կ՚ընեն կոր եղեր, որուն համար գալով ինձմե դեղ ուզեց։