Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՂԱԶԱՐՈՍ ՄԸ

Մասիսեն կը քաղենք հետևյալը, որ Արշալույսեն օրինակած է։

«Արժանապատիվ Հյունքյարպեյենտյան տեր Հովհաննես քահանային որդին, որ ինչպես հայտնի է, Բարիզի հայոց մատռան մեջ քահանայագործություն կըներ — քահանայական կարգը հորմեն առած ըլլալու է հոն—և Բրուսիո դեմ պատերազմը սկսելուն պես (անուն բային որդին է) պարտավորեցավ հիշյալ մայրաքաղաքեն մեկնելու հանդերձ իր ընտանյոք և զավակոքը — հայտնի է որ որդին է, բայց վերոհիշյալ յուր որդին (Հյունքյարպեյենտյանին թոռն ըլլալու է) չէ ուզեր իրեն հետ մեկնիլ։

Այս երիտասարդը ուրիշ Կ. Պոլսեցի երիտասարդի մը հետ դժբախտաբար սպաննվեր են նույն մայրաքաղաքին մեջ՝ հասարակական (քոմյուն) կառավարության զորագնդերուն հետ Վերսայլի զորաց դեմ մարտնչելով։ Այս դժբախտ երիտասարդները բռնությամբ և սպառնալյոք (այսինքն իրենք սպառնալիք ընելով) զենք առեր և ի պատերազմ մտեր են»։

Հիմա գործը հասկցվեցավ ա՛. Հյունքյարպեյենտյան տեր Հովհաննեսին տղան քահանա եղած է եղեր։

Ասի պատերազմին սկիզբը իր ընտանյոքը Պոլիս փախեր է եղեր։

Ասի տղա մալ ունի եղեր, որ հոն մնացեր է։

Ահա այս տղան է, որ հոն սպաննվեր է։

Երեկ Հյունքյարպեյենտյան տեր Հովհաննես քահանան իրկվան դեմ իր մեծ աղային հետ կամուրջեն կանցներ։ Ասկե քանի մը տարի առաջ Բարիզ գնացող հայ մը դեմը կելնե ու տխուր դեմքով «Աստված հրամանքնուդ օրեր տա» կըսե։

— Հրամանքնիդ ողջ կենաք, բայց ի՞նչ կա. ո՞վ է մեռեր։

— Ա՜... վախնամ ձեզի չէին իմացուցեր. ոչի՛նչ, բան մը չկա. մեռնող չկա, ես կատակ ըրի: