Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գիշեր մը զիս առեր թատրոն տարե՞ր ես մի։

— Գիշեր մը հարցուցա՞ծ ես, որ թատրոն քանիով կերթվի։

— Կիրակի օր մը ձեռքես բռներ պտըտցնելու տարե՞ր ես մի։

— Կիրակի օր մը հարցուցա՞ծ ես, որ սիրտ ունի՞ս մի։

— Օր մը օրանց երեսս խնդացած ունի՞ս մի։

— Օր մը օրանց տրտմությանս պատճառը հարցուցա՞ծ ես մի։

— Օր մը օրանց ոտքիս կոշիկ մը, գլխուս գլխարկ մը, ձեռքիս ձեռնոց մը, մատիս մատնի մը...

— Ըղունգիդ ըղունգնոց մը...

— Ականջիս օղ մը առե՞ր ես մի։

— Օր մը օրանց հարցուցած ես, որ սնտուկիդ մեջ փարա ունի՞ս մի։

— Հողս հատեր էր և ան պիտի մտմտայի, որ էրիկս ստակ ունի, թե չունի, իմին ինչո՞ւս պետք, ստակ չունեիր նե՝ թող չկարգվեիր, մեղք չէ՞ իմ աղվորությանս, իմ միսերուս... ստակ չտալդ, զգեստ չշինելդ, երեսս չխնդալդ այնչափ դժվարս չգար կոր, որչափ որ նեղվելուս պատճառավ աղվորությանս ու միսերուս կորսվիլը... պառավ դարձեր եմ... մարդ երեսս չնայիր կոր... ինչո՞ւ չնային...

— Տեսա՞ր, ասիկա իմ մտքես բնավ չէր անցեր կոր. որու մըտքեն կանցներ, որ ուրիշները երեսդ չպիտի նային և դուն ալ ասոր համար հետս պիտի կռվիս։

— Կը կռվիմ, հապա, մեղք չէ՞ իմ միսերուս։

— Երկար ըրիր, ա՛լ քեզի մտիկ ընելու ատեն չունիմ, միսերդ ալ գետնին տակը անցնին, աղվորությունդ ալ, դուն ալ, բարով խերով հետդ չկարգվեի։

— Բարով խերով դեմս չելլայիր։

— Բարով խերով երեսդ չտեսնեի։

— Բարով խերով անունդ բերանս չառնեի, փորձանքի չհանդիպեի և ասանկ ոսկոր չմնայի, ես չգիտե՞մ, ասանկ ոսկոր մնալուս համար է, որ քանի մը ատենե ի վեր հետս պաղ կը վարվիս կոր։

— Ո՞ւվ ըսավ։

— Վարմունքեդ չե՞մ հասկնար... առաջվան պես գեր ըլլայի նե հետս ասա՞նկ կը վարվեիր, ես չիյտե՞մ։

— Ապուշ, հիմա առաջվընե ավելի կը սիրեմ քեզի, որովհետև ես գիրութենե չեմ ախորժիր։

— Ըսել է որ նիհար ըլլալուս համար չէ, որ հետս պաղ կը վարվիս: