Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկին է․․․ և օրիորդ Ը։․․. ինչպես նաև Թ... և Ժ... տիկիններն նույնիմաստ բարեմաղթություններով իրենց պարտականությունն վճարեցին պարոն Կուռնելիոսին և իրենց պաշտոնակիցներուն քով բազմեցան։

Ավելորդ չէ նշանակել, թե քանի մը կիներ պարոն Կուռնելիոսին թևը մտան և անկյունն բազմեցուցին զայն։

Պարոն Կուռնելիոս չվարած քանի մը վայրկյան կիները դիտելեն ետքը, թեմպեքիի քսակն հանեց և միջնորդներուն դառնալով հարցուց.

— Մեյ մեկ նարկիլե կը խմե՞ք։

Կիները խնդացին քրքիջով։

— Ինչո՛ւ խնդացիք, հարցուր պարոն Կուռնելիոս պաղ արյամբ։

— Որովհետև մենք նարկիլե չենք խմեր, պատասխանեցին կիներն միաբերան։

— Նարկիլե չխմողները կը խնդա՞ն այս քաղաքին մեջ։

— Ոչ... բայց... որովհետև... իրավ որ մեր խնդալն պարապ բան է, կարծեմ ձեր քաղաքը կնիկները նարկիլե կը խմեն։

— Կան որ կը խմեն, կան որ չեն խմեր... բայց նարկիլե խմելը․․․

Տիկին Ա. — Նարկիլեի խոսքը մեկդի դնենք, պարոն Կուռնելիոս... իմ հոս գալուս պատճառն հարկավ գուշակած եք, ես կարգվիլ ուզողներուն աղջիկ կը գտնեմ և....

Տիկին Բ. — (Ընդմիջելով) Ես ալ, պարոն Կուռնելիոս, աղջիկ կը գտնեմ և ինչ գեղե....

Տիկին Գ. — (Ընդմիջելով) Իմ արհեստս ալ այս է, ձեռացս տակ անանկ աղվ...

Տիկին Գ. — (Ընդմիջելով) Դուն ինձի մտիկ ըրե, պարոն Կուռնելիոս.... տատրակի պես....

Տիկին Ե. — (Ընդմիջելով) Ինչո՞ւ քեզի մտիկ պիտի ընե եղեր.... ադամանդի պես աղջիկներ կը բե.....

Տիկին Զ․ — (Ընդմիջելով) Ի՜նչ պարկեշտ և ուսումնական աղջիկներ ունիմ ես..... անանկ դաշնակ կը զարնեն և անանկ կը պարեն, որ կարծես թե մեյ մեկ հրեշտ.....

Տիկին է․ — (Դարձյալ ընդմիջելով) Հապա իմիններս, որ ֆրանսերեն կը խոսին և.....

Օրիորդ Բ․ — (Ընդմիջելով) Երեսուն տարիե ի վեր այս արհեստին մեջն եմ և այն ամեն անոնք, որոնց աղջիկ գտած եմ, շատ գոհ եղած են և ․․․․․