Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկին Թ․ — (Ընդմիջելով) Ես ինքզինքս չեմ գովեր, թող կուտամ, որ գործերս խոսին. իմ զտած աղջիկներս տասներկու զավակ կը բերեն և միշտ տասն և ութ տարեկան կը կարծվին. կին ըսածդ ալ ասանկ ըլլալու է որ․․․

Նորեն ընդմիջումներ։

Տիկին Ժ. — Պարոն Կուռնելիոս գիտե, թե մեր մեջ որն վարպետ է այս գործին մեջ, զինքը մտիկ ընենք նայինք, ինչ կարծիք պիտի հայտնե։

Կուռնելիոս. — Բայց նարկիլե խմելն անվայել բան մը չէ կարծեմ, որ ասանկ խնդացիք վրաս։

Տիկին Ժ. — Բան մ՝էր անցավ գնաց, անոր վրա խոսիլն ավելորդ է. իսկ եթե շատ վիրավորվեցար, մեր խնդալը հետս կը կոչենք։

Կուռնելիոս. — Ի՞նչ ըսել է հետս կոչել։

Տիկին Թ. — Այսինքն իբր չեղյալ համարիլ։

Կուռնելիոս. — Իբր չեղյալ համարելով ի՞նչ կըլլա։

Տիկին Ա․ — Որպես թե դուն մեզի հարցուցած կըլլաս թե նարկլե կը խմե՞ք, և մենք ալ խնդացած չենք ըլլար։

Կուռնելիոս. — Ատ ի՞նչ խայտառակություն է. ես տղա եմ, որ խաբվիմ, թե չխնդացիք։

Տիկին Բ. — Ատոր վրա խոսիլը չարժեր, պարոն Կուռնելիոս, հրամանքդ ի՞նչ տեսակ աղջիկ կուզես, անոր վրա խոսինք։

Տիկին Թ. — Ամեն տեսակ աղջիկ ունիմ ձեռքիս տակ, պարոն Կուռնելիոս, եթե կը հաճիք հրամմեցեք, երթանք մեկիկ մեկիկ ցուցունեմ ձեզ։

Եվ տիկին Թ... պարոն Կուռնելիոսին թևեն քաշելով բազմոցեն վար կիջեցնե զայն։

Օրիորդ Հ. — Ո՞ւր կը տանիս մարդը, տիկին Թ․․. գուցե քեզի վստահություն չունի։ Օրիորդ Ը... կսկսի պարոն Կուռնելիոսին մյուս թևը քաշել։

Տիկին Գ. — Շիտակն ես ասանկ աներեսություն տեսած չունիմ, խեղճ մարդուն թևերը պիտի փրցունեն։

Մյուս միջնորդներն ալ կսկսին պոռալ. կռիվն կը մեծնա, հայհոյությունն կսմիթի կը փոխվի, կսմիթը կռուփի, կռուփն կիցի, այս իրարանցումին մեջ պարոն Կուռնելիոսն մեյ մը ասդին կը քաշեն մեյ մը անդին։