Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղմուկն կը մեծնա, վեր կը վազե պանդոկապետն, և կը կանգնի միջնորդներուն մեջտեղը, որ սկսած էին կոշիկի հարվածներ իջեցնել իրարու գլուխ։

— Չե՞ք ամչնար, չե՞ք խպնիր, կը պոռա պանդոկապետը, ի՞նչ խայտառակություն է աս։ Դուրս ելեք ամենքդ ալ, չպիտի կարգվի այդ մարդը։

Կուռնելիոս. — Չպիտի կարգվիմ ես, դուրս ելեք։

Պանդոկապետ. — Թող տվեք խեղճին օձիքը։

Կուռնելիոս. — Թող տվեք իմ օձիքս։

Պանդոկապետ. — Կարգված է ան, և քանի մը զավակներ ալ ունի։

Կուռնելիոս. — Այո, կարգված եմ ես, և քանի մը զավակներ ալ ունիմ։ Ողջ ըլլաս, պարոն պանդոկապետ, որ վրա հաստը և շունչ առնել տվիր ինձ, այս կնիկները պիտի խեղդեին զիս։

Պանդոկապետն կը հաջողի սենյակեն դուրս հանել կնիկներն և բարեկամացար կը հորդորե պարոն Կուռնելիոսն, որ զգուշանա անոնցմե և հավատք չընծայե անոնց խոսքերուն։

Պարոն Կուռնելիոս շնորհակալություն կը հայտնե պանդոկապետին և կը խոստանա անոր խրատներով գործելու։

Կես ժամ կանցնի։

Տիկին Գ... պարոն Կուռնելիոսին սենյակը կը մտնե:

— Շատ ցավ զգացի, կըսե, քիչ մառաջ տեղի ունեցած անցքին վրա։ Ես վարժված չեմ ասանկ բաներու, ես մարդու զավակ եմ, քաղաքավարության սորված եմ, այդ կնիկներուն բարև տալն անգամ իմ պատվույս կը դիպչի․ ա՜հ, չեք գիտեր, պարոն Կուռնելրոս, որքան ստորին արարածներ են անոնք։

— Ինձի ալ շատ ստորին արարածներ երևցան։

— Խարդախ են։

— Այո՛։

— Լիրբ են ամենքն ալ։

— Հիմա հրամանքդ ինձի մտիկ ըրե, բայց վստահություն ունեցիր վրաս. մի՛ վախնար, չեմ խաբեր քեզի, միայն ըսե ինձ, թե ինչպես աղջիկ կ՝ուզես։

— Սև աչքերով, սև ընքվիներով, պզտիկ քիթով, բարձր հասակով աղջիկ մը կ՝ուզեմ։