Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ճիշտ ուզածիդ պես հատ մը կա ձեռքիս տակը։ Վաղը վեց ու կեսին ատենները կուգամ քեզի կառնեմ, մեկտեղ կերթանք և աղջիկը կի տեսնես։

— Շատ աղեկ, շնորհակալ եմ. ավելի կանուխ չ"կրնար ըլլալ։

— Տէ՛, ընդհանրապես ութին միջոցները կերթան աղջիկտեսի, վեցուկեսին եթե ելնենք ասկից, ութին աղջկան տունը կը գտնվինք։

— Քանի որ անանկ է, ի"նչ ընենք, ըսածիդ պես ըլլա։

— Ա՞յս հագուստներովդ պիտի երթաս:

— Եթե կուզես սև չուխայն շալվարս և ֆըստըքը ճուպպես կը հագնիմ, գլուխս ալ յազմաս կը կապեմ, անանկ կերթանք։

— Բանթալոն, սեթրի չե՞ս կրնար հագնիլ։

— Չէ, չէ, չէ․․․

— Քիչ մը ֆրանսերեն գիտե՞ս, պարոն Կուռնելիոս։

— Ամենևին չեմ գիտեր։

— Սանկ պոն ժուր մը, ատիյո մը, մոն շեր մը ըսելու չափ գոնե...

— Վաղը չե՞նք կրնար սորվիլ անոնք շուտ մը։

— Ներեցեք, հրամանքնուդ գործն ի՞նչ է, ի՞նչ առուտուրով կ՚զբաղիք։

— Տոկոսով ստակ կուտամ ուզողներուն։

— Շատ լավ, վաղը կուգամ, կերթանք։ Ա՛լ ուրիշին խոսքին ականջ մի կախեր։

— Ո՞վ ականջ կը կախե այդ ստորին արարածներուն, խարդախներուն և լրբերուն։

— Ապրիս։ Վաղը անպատճառ կուգամ, մնաք բարով։

— Երթաք բարով։

Տիկին Գ... սենյակեն ելած ժամանակն դրան քով կը տեսնե տիկին է...ն, որ ապրանքի տախտակե սնտուկի մը վրա նստած էր և առանց բարևելու զայն, կանցնի կերթա։

Տիկին է...ն կը ներկայանա պարոն Կուռնելիոսին:

— Նորեն բարի լույս, պարոն Կուռնելիոս։

— Դուրս, դուրս, դուրս...

— Ինչ կա, պարոն Կուռնե...

— Դուրս կըսեմ կոր քեզի, դուրս ելիր։

— Ի՞նչ պատճառավ...

— Պատճա՞ռ կը հարցնես դեռ, ստորին արարած։

— Ե՞ս։