Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ համար.․․ ի՛նչ գիտնամ.․․ ամեն մարդ ինչո՛ւ համար կը կարգվի.. կարգվելու համար։

— Ի՞նչ նպատակավ կը կարգվիս։

— Կնիկ մունենալու համար։

— Լավ, հասկցա միտքդ։ Ի՛նչ տեսակ աղջիկ կուզեք ուրեմն։

— Սև աչքերով, սև ընքվիներով, պզտիկ բերնով և քիթով և բարձր հասակով աղջիկի մը պետք ունիմ։

— Գլխուս վրա։

— Այո՛, ասանկ աղջիկ մը։

— Ձեր ուզածին պես աղջիկ մը կա. եթե կը հաճիք վաղը երթանք տեսնելու զայն։

— Երթանք։

— Ընդհանրապես յոթնուկեսին կամ ութին միջոցները աղջիկ կը հանեն ի տես. վաղը վեցուկեսին հոս կը գտնվիմ և մեկտեղ կերթանք։

— Շատ աղեկ։

— Խոսքիդ վրա հաստատ ես, այնպես չէ՞։

— Այո՛, շատ հաստատ եմ։

— (Ձեռքը թոթվելով) Մնաք բարով ուրեմն։

— Երթաք բարով... ձեռքերնիդ որչափ փափուկ է տիկին։

— Խնդալու խոսքեր կընես, պարոն Կուռնելիոս, ձեռքիս փափկությունն է մնացե՛ր, հարսությանս տեսնեիր դուն իմ ձեռքեբըս... ո՛հ, տարիները, տարիները... Վաղը վեց ու կեսին։

— Այո՛։

Տիկին Է.․․ կը մեկնի։

Պարոն Կուռնելիոս առանձին մնալով նարկիլեն կը լցնե և կսկսի քաշել։

Քառորդ մը կանցնի և ահա սենեկին դուռը կը բացվի և կը մտնե օրիորդ Ը... որուն երեսեն հիսուն հուլիսներ, հրատապ ամիսներ, անցած են։

— Ի՞նչ կուզեք, տիկին, կը հարցնե պարոն Կուռնելիոս, քիչ մը խստությամբ։

— Կը նախատե՞ք զիս, պարոն Կուռնելիոս։

— Նախատելու բան չկա հոս. ինչո՛ւ եկաք։

— Այդ բառն չվայլեցուցի ես ձեզի. սիրտս վիրավորելու համար անկե ավելի սայրասուր բառ մը չէիք կրնար գործածել։

— Ի՞նչ կը ծախես։