Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զքեզ ազատելու համար է, որ եկա քեզի հետ առանձին տեսություն մը ընելու:

— Շնորհակալ եմ․ մեծապես շնորհակալ եմ։

— Պարոն Կուռնելիոս, պարկեշտ և համեստ աղջիկներ շատ կան, միայն թե գտնելը դժվար է... ա՜հ (Ծունկի վրա) ներե ինձ, որ անկեղծությամբ խոսիմ հետդ, ահ․․ կը սիր...

— Հե՞...

— Կը սիրեմ զքեզ։

— Կը սիրե՞ս մի զիս, ինչո՞ւ համար։

— Չգիտեմ, մաքնիսական ի՞նչ զորություն ունիս վրադ, որ սիրտս քեզի ձգեցիր, մեկ անգամ միայն տեսնվելով հետս։

— Աս ի՞նչ կըսե։

— Օ՜հ, սիրելիդ իմ Կուռնելիոս, մի մերժեր այն սերն, որ յուր ոտքով կուգա և կը ներկայանա ձեզ, սեր մը, որ սրտե մը կը մեկնի, սեր մը, որ երջանկություն կը բուրե, սեր մը, որ առանց միջնորդի կը հայտնե ինքզինքն։

— Ի՞նչ խոսքեր են ասոնք, չեմ հասկնար։

— Ըսե ինձ, պարոն Կուռնելիոս, թե կը սիրես զիս։

— Դո՛ւրս ելիր։

— Սրկե հունա չեմ երթար, եթե չսիրես զիս մահվանս պատճառ պիտի ըլլաս, ձեռքովդ գերեզման պիտի իջեցնես զիս։

— Տեր ողորմյա, տեր ողորմյա...

— Մարդասպան պիտի ըլլաս...

— Տեր Աստված... ի՞նչ փորձանք...

— Ես բավականասեր աղջիկ մեմ, շատ հագուստ չեմ ուզեր, քիչ ծախքով հարսանիքը կը կատարենք, կելնենք, կերթանք սիրուն զավակներ կունենանք...

— Գնա սկեց, կըսեմ քեզի, անպիտան։

— Վռնտե, չպիտի երթամ, ծեծե զիս, չպիտփ պոռամ. զարկ սրտիս, ձայն չպիտի հանեմ. քեզի նվիրված եմ ես...

— Ես նվեր չեմ ուզեր... կորի սրկե...

— Կորի՜ սրկե... կորի սըկե... կորի սըկե... անգութ... ա՜հ... մարելիք կուգա վրաս... քիչ մը ջուր...

— Աս ինչ անտանելի փորձանքի հանդիպեցանք... դիմանալու բան չէ աս... ոտքեն քաշելու դուրս նետելու է լիրքը, աղջիկ գտնելու համար եկեր ինքզինքն կլլեցնելու կաշխատի կոր. ինչ աներես աղջիկ... մարեցավ, ի՞նչ եղավ։

Գավաթ մը ջուր կառնե և քիչ մը ջուր կը սրսկե երեսը։